Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է. ԱԳ նախարար
Մարտի 27-ին, նախարար Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանսիական համալսարանում անցկացված “Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար” համաժողովին, որին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայկական առաջատար բուհերը ներկայացնող դասախոսներ եւ ուսանողներ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ լինելով Հայաստանի Հանրապետության դեսպանը Ֆրանսիայում՝ պատիվ է ունեցել առաջին քայլերը ձեռարկել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացում։ Հայաստանը 2006 թ.-ին դարձավ կազմակերպությունում դիտորդ, այնուհետեւ 2008թ.-ին՝ ասոցացված անդամ եւ ի վերջո 2012 թ.-ին` լիիրավ անդամ:
“Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությամբ նոր էջ բացվեց ֆրանկոֆոն աշխարհի հետ մեր հարաբերություններում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ` քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության բնագավառներում”,- ասաց նախարարը:
Նախարար Նալբանդյանը նաեւ շեշտեց, որ վերջին տասնամյակի ընթացքում բազում ջանքեր են գործադրվել Հայաստանի կրթական եւ համալսարանական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար պայմանների ստեղծման եւ Հայաստանում ֆրանսախոս միջավայրի ձեւավորման ուղղությամբ, եւ այդ ջանքերի լավագույն ապացույցներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը:
“Յուրաքանչյուր տարի ֆրանսերեն լեզվով հարյուրավոր մշակութային, կրթական եւ համալսարանական միջոցառումներ են կազմակերպվում Երեւանում եւ Հայաստանի շրջաններում: 2013 թ. մարտի 19-ին մեկնարկած ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված է 410 միջոցառում, որն աննախադեպ է իր ծավալով”,-հավելեց նախարարը:
Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, 2011թ. Երեւանում կայացավ Ֆրանսախոս Քաղաքապետերի Միջազգային Ընկերակցության Գլխավոր վեհաժողովը, այս տարվա հոկտեմբերին Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը կնախանշի հետագա անելիքները եւ առավել կամրապնդի այդ ոլորտում գործընկերային համագործակցությունը:
“Հայաստանը իր նպաստը կբերի միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեղինակության եւ դերակատարության բարձրացմանը, կազմակերպության առավել ներգրավվածությանը միջազգային գործընթացներում”, -ավարտելով իր ելույթը, նշեց նախարարը:
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաեւ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնթուան եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: