Սերժ Սարգսյանը սահմանները չխախտողներից է . Առավոտ
Արձակագիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետորսյանը դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը: Թերթի հետ զրույցում նա մասնավորապես նշել է, որ նախագահը իր ասելիքը կարող էր իր լրատվական ծառայության միջոցով փոխանցել, սակայն ընտրեց դժվար ճանապարհը: “Հրավիրելով ընդդիմադիր եւ իշխանամետ դաշտի ներկայացուցիչներին, ընդ որում հստակ ճանաչելով բոլորին: Այսինքն նա կարող էր նաեւ ասել` ես հարցուպատասխանի չեմ եկել, բայց հնարավորություն տվեց, որ իրեն բոլոր հարցեր տան եւ ծանր հարցեր տան:
Համամիտ չեմ նախագահի խոսքի “դու”ն եւ “դուք”-ը չափուկշռի ենթարկողների որակումներին` տնավարություն եւ այլն, քանզի այստեղ ավելի շատ մտերմության, տաք մթնոլորտ ստեղծելու խնդիր կար: Հայաստանում իր ամենահին ծանոթներից մեկն եմ եւ կարող եմ վկայել` ինքը սահմանները չխախոտղ մարդկանցից է եւ անկախ իր գրաված դիրքից ու պաշտոնից կարողանում է պահպանել այդ չափը”,-ասել է տիկին Պետրոսյանը:
Հայաստանի գաղջ մթնոլորտին անդրադառնալով` նա մասնավորապես նշել է, որ իր կարծիքը չի հմաընկնում նախագահի տեսակետի հետ: “Կարծում եմ դա առաջին հերթին մտավորականներին պիտի հասցեագրված լիներ, նրանց, ովքեր միտ, ճաշակ, բառի, գաղափարի նկատմամբ հարգանքի կերտողներն են: Մթնոլորտը միտքն է ստեղծում, իսկ միտքը մտավարականությանն է վերապահված կերտելու”,-ասել է Պետրոսյանը:
Տիկին Պետրոսյանը իրեն յուրօրինակ դաստիարակոթյուն ստացած մարդ է համարում: “Իմ հայրն ինձ ասել է՝ ինչ-որ բարձրաձայն չես կարող ասել, ցածրաձայն մի ասա, եւ ես դեռ ընտրություններից առաջ եմ բարձրաձայնել, թե ինչու եմ պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Եվ որքան էլ ես խարիզմատիկ, համակրելի մարդ համարեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հանդեպ խորին ակնածանքով, բայց այսօր այս երկրի համար Սերժ Սարգսյանին եմ տեսնում, Րաֆֆի Հովհաննիսյանին համարում եմ կամերային գործիչ։
Սերժ Սարգսյանը մեր հաղթանակը կերտողներից մեկն է։ Այսօր տեղից ելնողը Նժդեհի անունն է տալիս, բայց այն ժամանակ, երբ Նժդեհն էր գործում, նրան իբրեւ թշնամի ընկալողները քիչ չէին։ Մենք մոռանում ենք, որ Լեռնահայաստանը փրկելու հանգույն՝ ճակատագրական էր մեր ժողովրդի համար նաեւ Արցախը փրկելը։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Կուզենայի, որ մեր մտավորականներն այս կտրվածքով նայեին իրադարձություններին եւ գնահատականներն այս համատեքստում տային։
Ի վերջո, տարօրինակ չէ՞, անընդհատ ասում ենք՝ ժողովրդավարություն, բայց միշտ ավելի միապետական ենք, ամեն բան պահանջում ենք մեկ մարդուց՝ հանրապետության նախագահից։ Այդպես չի լինում,համակարգային հարցեր կան, որոնց պատասխանը պիտի համակարգի մասնակիցները տան”,-ասել է նա: