Ինչու էին պետք “իմ դիակի վրայով”, “ զադնի չկա”-ն
Ինչու էին պետք “իմ դիակի վրայով”, “ զադնի չկա” և այլ արտահայտությունները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրությանը` մասնավորապես նշելով.
“Իհարկե , ուրախալի է , որ միմյանց հետ երկխոսելու, բանակցելու, համագործակցելու ճանապարհ կա, և միայն այդ ճանապարհով է հնարավոր ցանկացած հարցին լուծում տալ, յուրաքանչյուր կնճիռ հարթել: Սա պետք է երկրին և ողջունելի է:
Արկածախնդիր , ցնցումների տանող , ամեն ինչին պատրաստ բևեռի գործելակերպի փոխարեն դիտում ենք կոնտրաստ` Հանրապետության նախագահի պատասխանը` լրջմիտ, հանդուրժող, լայնախոհ, իսկապես պետական այրին բնորոշ պատասխան էր:
Նախագահի պատասխան նամակը` ողջ ժողովրդի առաջնորդին վայել խոսք էր, ում վրա է երկրի, պետության բեռն ու պատասխանատվությունը: Նման վարքագիծ դրսևորելով ` Հնարապետության նախագահը, կարծում եմ,մտածում է գտնել լավագույն, օպտիմալ լուծումները, որոնք պետք են լինելու երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե ով որ բևեռից է կամ քաղաքական ուժից:
Երկխոսությունը հանդուրժող, երկխոսության գնացող, անգամ այն դեպքում, երբ այդ երկխոսությունը պարուրված է այնպիսի անհանդուրժողական ձևակերպումներով, ինչպիսին էր , ասենք “իմ դիակի վրայով գնալը”, “ զադնի չկա” և այլ արտահայտությունները, որովհետև շատ մարդկանց համար, ի վերջո, անհասկանալի է` ինչու էր պետք այս ամենը:
Հասկացանք ` պաս էր , հացադուլ էինք հայտարարել: Կուզեինք, որ այս վարքագիծը օրինակելի լիներ / այս օրինակի վարակիչ ազդեցությունը զգացվեց արդեն/ և բոլորին ևս մեկ անգամ հանդուրժողականության, չափավորության , հավասարակշռվածության կոչ ենք անում` ո’չ արկածախնդրությանը, ո’չ նոր ցնցումներին:
Մեր երկիրն , առանց այդ էլ, այնպիսի խնդիրներ ունի, այնպիսի մարտահրավերներ ունի` թե’ ներքին, թե’ արտաքին, թե’ տնտեսական, թե’ ռազմաքաղաքական, որ այս պարագայում պետք է հենց այսպիսի գործելավոճ ցուցաբերվի, եթե դու իսկապես պատասխանատու քաղաքական գործիչ ես: