Ալիևյան ֆիասկոների ու ձախողումների ֆոնին հատկանշական են հայկական կողմի ձեռքբերումները. Կ. Ավագյան
Երեկ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր Վիեննայի շուրջ։ Երկու երկրների նախագահների հանդիպումն առավել քան բարձր մակարդակով էր, քանի որ տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի անմիջական մասնակցությամբ։
Այն, ինչ ձեռք բերվեց հանդիպման արդյունքում, փաստորեն, տապալել է ադրբեջանական կողմի նկրտումները ու նախագծած սցենարները։ Ձեռք բերված պայմանավորվածություններն ամրապնդում են հարցը բանակցային սեղանի շուրջ լուծելու քայլերը։
Առանձնացնենք Վիեննայում կայացած քննարկման արդյունքում ալիևյան տապալումները՝ քաղաքականից մինչև ֆոտոշոփյան ձախողումներ։
Ալիևյան ֆիասկո 1. Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելով՝ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում չեղարկել 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերն ու հանդես գալ նոր դիրքերից: Վիեննայում, սակայն, կայացած քննարկումներով, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրի կետերի անշեղ իրագործման շուրջ։
Ֆիասկո 2. Ադրբեջանը վերջին տարիներին ջանքուեռանդ չէր խնայում Արցախյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից այլ հարթակներ տեղափոխելու համար։ Վիեննայի հանդիպումը ևս մեկ անգամ ամրապնդեց ԵԱՀԿ ձևաչափը։ Համաձայնություններ են ձեռք բերվել ընդլայնել ԵԱՀԿ մանդատը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Ֆիասկո 3. Կներդրվեն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ։ Սա, իհարկե, Ալիևի սրտով չէ, քանի որ բոլորին էլ պարզ է, որ նախահարձակ եղողը միշտ էլ Ադրբեջանն է եղել։ Այսպիսով, փաստորեն, զսպաշապիկ կհագցվի սեփական տեղը հանգիստ նստել չկարողացող Ալիևին։ Միջազգային հանրության մեղադրանքներն այսպիսով հետագայում ավելի հասցեագրված կլինեն, և մշտադիտարկման մեխանիզմները երևան կհանեն ագրեսորին։
Ֆիասկո 4. ապրիլյան պատերազմից հետո, երբ տապալվեց ադրբեջանական կայծակնային պատերազմի նախագիծը, մենք ականատեսը եղանք Հայաստանի բանակցային դիրքերի ամրապնդմանը:
Ֆիասկո 5. ձախողվեցին Ալիևի ֆոտոշափային հաղթանակներն ու սեփական հանրության աչքերին փոշի փչելու իմիտացիոն այլ մեթոդները։
Ալիևյան ֆիասկոների ու ձախողումների ֆոնին հատկանշական են հայկական կողմի ձեռքբերումները։ Դրանք է′լ ավելի ամրապնդեցին Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացներում։ Նման հանդիպումներում մեր երկրի ուժեղ դիրքերից հանդես գալը պայմանավորված է նախևառաջ հզոր բանակով՝ գլխավոր հարմանատարից, սպաներից մինչև մեր զինվորներ։