Ճնշում կլինի
«ՀՀ նախագահը բանակցություների վերսկսման համար երեք պայման էր դրել, ինչպես հիշում եք, ու այդ պայմաններից և ոչ մեկը դեռևս կյանքի չի կոչվել: Հիմա ճիշտ կլինի, եթե մենք մեր այսպես ասած՝ կոշտությունը պահպանենք: Որպեսզի ուրիշներն ընդունեն ու մեր խոսքը ու այն կշիռ ունենա, պետք է մեր խաղի կանոններին նայենք ու պահպանենք դրանք: Եթե մենք խնդիրներ ենք դրել, պիտի պահենք մեր այդ ճակատը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում նշվում է՝ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։
Համանախագահների խոսքերից դատելով՝ մեր զրուցակիցը եզրակացրել է՝ ենթադրվող հանդիպման ժամանակ կքննարկվի հրադադարի ամրապնդման հարցը, ոչ թե բուն հիմնախնդրի լուծման ուղիները:
«Ես կարծում եմ՝ դա նախագահների մակարդակով լուծելու հարց չէ: Այդ հարցի քննարկմամբ կարող են զբաղվել արտգործնախարարները, քանի որ այս պահին այդ բարձր մակարդակի հանդիպման նախադրյալները չկան», – ասաց Վիգեն Հակոբյանը:
Վերջին շաբաթում գերտերությունների քննարկման առանցքում ԼՂՀ հիմնախնդիրն է, մասնավորապես՝ Քերին ու Լավրովը քննարկումներ են ունեցել այդ թեմայով:
«Գերտերությունները համաձայնություն ունեն, ու, բնականաբար, դրա արդյուքում են այդ հայտարարությամբ հանդես եկել: Հայաստանի ու Ադրբեջանի վրա, բնականաբար, արտաքին ճնշում կլինի, որպեսզի այդ հանդիպումը լինի:
Հավանական համարում եմ, որ գուցե այդ հանդիպումը կայանա: Դա կապված է այն հանգամանքի հետ, թե արտաքին ճնշումներն ինչպիսին կլինեն ու այդ ճնշումներին դիմակայելու համար ի՞նչ ռեսուրսներ կունենանք: Մենք արտաքին ճնշումներին դիմադրելու ռեսուրսներ չունենք: Ես այդպես եմ կարծում:
Նորից եմ կրկնում, քաղաքական ու ռազմաքաղաքական հայեցակետից ելնելով՝ կարող եմ ասել՝ այդ հանդիպումը հիմա անիմաստ ու վաղաժամ է: Լավագույն դեպքում այդ հանդիպմանը կարող են գնալ արտգործնախարարները», – եզրափակեց փորձագետը: