Մեր ջրի որակը շատ բարձր է, սակայն քանակի առումով շատ տխուր վիճակ է. ջրաբան
Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է: “Ջուրն ինձ համար բանական է, ջուրը կարող է ինֆորմացիան կարդալ, հասկանալ: Ուսումնասիրություններ են կատարվել,որոնց համաձայն, եթե ջրի ներկայութայմաբ արտասանում ես բառեր, արտահայտություններ, ջուրը փոխում է իր ստրուկտուրան: Նույնը աղոթք ասելիս`թեկուզ տարբեր լեզուներով աղոթք ասելիս ևս ջուրը փոխում է իր ստրուկտուրան”,-այսպես է կարծում “Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն նշելով, որ աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է տրվում ջրին:
Անդրադառնալով ջրի հետ կապված խնդիրներին` բնապահպանը նկատեց, որ չնայած մարդկությունը շատ մեծ փորձ է կուտակել այդ ոլորտում,սակայն խնդիրները գնալով խորանում են:
Մոլորակի ստորգետնյա ջրի մակարդակը խիստ անհանգստացնող է, քանի որ գնալով իջնում է ջրի մակարդակը. դրա հետևանքով բարձրանում է օվկիանոսի մակարդակը և “մենք քաղցրահամ ջուրը վերածում ենք աղի ջրի”:
Ջրաբան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն այս համատեքստում ընդգծեց, որ խմելու ջուրը Հայաստանում բարձրագույն որակի քաղցրահամ ջուր է:
“Մեր ջրի որակը շատ բարձր է, սակայն քանակի առումով շատ տխուր վիճակ է, քանի որ նույնիսկ չգիտենք`որքան ունենք: Մեր գետային ռեսուրսը շատ սակավ է, անզեն աչքով կարելի է նկատել, որ գետերի հոսքը քչանում է: Մենք դիմում ենք կառավարությանը, որպեսզի կատարվի ջրային ռեսուրսների կադաստր, քանի որ իմանալով , թե որքան ջուր ունենք կարելի իմանալ` որ ուղղությամբ աշխատել, որպեսզի հետ բերվի կորցրածը”: