“Մեռնեմ` մաման կհասկանա ինչքան լավն եմ…” /վիդեո/
“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես ասացին, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Արամ Աբրահամյանը համոզված է, 2008թ մարտի 1-ի կրկնությունը այս անգամ չի լինի, որովհետեւ թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ Սերժ Սարգսյանը հակված չեն գնալ բախումների: Սաթիկ Սեյրանյանն էլ կողմնակից է երկխոսությանը անկախ նրանից, թե ինչ որակումներ կտրվեն դրան հասարակության կամ քաղաքական ուժերի կողմից:
“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը նրանք ոչ կազմակերպված եւ տարերային են համարում: Արամ Աբրահամյանը կարծում է, որ ըննդիմության առաջնորդը պետք է ձեւավորի քաղաքական օրակարգ:
“Ասել, թող երդվի իմ դիակի վրայով, սա օրակարգ չի, բարոյական ճնշում է, լավագույն դեպքում մանկական խաղ”,-ասաց Աբրահամյանը` օրինակ բերելով, “երբ երեխայի վրա մայրը բարկանում է, երեխան մտածում է` ավելի լավ է մեռնի: Էդ դեպքում մաման կհասկանա, ես ինչքան լավն եմ”:
Ըստ “Առավոտի”-ի խմբագրի` ներկա տրամաբանությամբ քաղաքական պրոցեսը հնարավոր չէ առաջ տանել, մինչդեռ այն մարդիկ, որոնք գալիս են Ազատության հրապարակ, քաղաքական պահանջներ են առաջ քաշում:
Այս անգամ առաջընթաց է նկատվում նախորդ նախագահական ընտրությունների համեմատ : “Առավոտ”-ի խմբագիրը նկատել է, որ այս հարցում մեծ դեր ուներ սոցիալական մեդիան, լրատվամիջոցներն ավելի ազատ էին, պաշտոնական հակաքարոզչություն նույնիսկ “Հայլուրը” չէր անում:
Սաթիկ Սեյրանյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի կարողացել Ազատության հրապարակը դարձնել իրենը: “Նա շատ լավ գիտի, որ այդ ձայները միայն իրենը չեն, այլ իշխանությունից դժգոհ, իշխանությանը դեմ քվեարկած ձայներն են:
Ստացվում է այնպես, որ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը այնքան էին կտրված հասարակությունից, որ չէին սպասում նման արդյունք: Տեղյակ չէին այդ դժգոհության չափին եւ տարված էին ներկուսակցական մանր խնդիրներով”,-ասաց Սեյրանյանը: Նրա կարծիով, ի վերջո որոշում պետք է կայացնի ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ լիդերը, տվյալ պահին` Հովհաննիսյանը, որը դեռ չի անում: