15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք այս պահին

«Ի՞նչ է մեր քրիստոնեական ինքնությունը, եթե ոչ երկար ճամփորդություն՝ անվստահությունից դեպի ամուր հավատք, որի մասին կարող ենք վկայել մեր առօրյա կյանքով»,- ասել է Սրբազան Ֆրանցիսկոս պապը:

Սիրելիներ, եթե մենք իրապես չխորանանք Աստվածաշնչի ճշմարտությունների մեջ, չհասկանանք, թե ինչ է ուզում մեզանից Աստված, որպեսզի մեզ արժանացնի փրկության, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սեփական ինքնությունը: Յուրաքանչյուրիս կյանքը Աստծո համար կարևոր է, ծնվում ենք, որպեսզի ապրենք ու ճանաչենք Նրան, վայելենք Նրա անսահման սերը, փաստենք մեր ինքնությունը մեր գործերով:

Մենք՝ հավատացյալներս, պետք է նմանվենք Քրիստոսին. Նա ապրեց մեր մեջ որպես Կատարյալ մարդ, և Նրա մեջ երևացին այս աշխարհում երբևէ հիշատակման արժանի բոլոր առաքինությունները: Քրիստոս Իր կյանքով այնպիսի օրինակ եղավ մեզ համար, որ Նրա շատ ժամանակակիցներ, գնահատելով Նրա Խոսքն ու տեսնելով, թե ինչպես Նա այդ Խոսքը ապացուցեց գործով, ճանաչեցին Նրա մեջ Աստծո Որդուն: Եվ երբ կարդում ենք սրբերի վարքը, տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի Նրա միջոցով հաստատված ՈՒխտի շարունակողը եղավ:

Այդ Ուխտի շարունակողները պետք է դառնա նաև մեզնից յուրաքանչյուրը՝ ըստ իր վիճակի և հնարավորության: Սակայն մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակ, երբ մերօրյա մարդու համար քրիստոնեական արժեքներն այնքան են կորցրել իրենց նշանակությունը, որ սրբերի նահատակությունը և բարոյականության համար մղվող պայքարը դարձել են մի տեսակ հեքիաթային երևակայություն:

Տարին մեկ անգամ հիշում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, նրա Հարությունը, երբեմն՝ սրբերին ու կարող է մի փոքր հուզվենք նրանց համար կամ հիանանք նրանց հոգևոր սխրանքներով, բայց ամբողջովին հասկանալ ու գնահատել նրանց ինքնանվիրումը չենք փորձում, առավել ևս չենք փորձում նմանվել: Չէ՞ որ հիմա այնպիսի ժամանակներ են, երբ ոչ ոք չի բռնանում Քրիստոսին դավանելու համար, ամեն ինչ արված է Քրիստոսի և Նրա հետևորդների՝ առաքյալների ու սրբերի կողմից, մեր կարծիքով, այլևս անելիք չկա…

Թերևս այսօր աշխարհին սպառնացող չարիքների պատճառը քրիստոնյաներիս անտարբերությունն էր առաջնորդի՝ Քրիստոսի Խոսքի նկատմամբ: Քննենք, սիրելիներ, թե ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք այս պահին, և Քրիստոսին մեր պատկանելությունը վկայելու համար, պարտավոր չե՞նք արդյոք որևէ արարքով ապացուցել՝ որպես քրիստոնյա ինքնություն:

Եթե այսօր մեզանից չի պահանջվում նահատակություն հանուն հավատի, ինչպես արեցին ս. Գևորգը, ս. Սարգիսը, ս. Գայանեն և մյուսները, ապա գոնե մենք պարտավոր չե՞նք պահպանել այն, ինչ իրենց կյանքի գնով մեզ փոխանցեցին առաքյալները, սրբերը, հայրապետներն ու վարդապետները:

ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂԾՈՒՄ

Բնական գիտությունների զարգացմամբ ոգևորված գիտնականները և, այսպես կոչված, առաջադեմ մտավորականությունը 20-րդ դարի սկզբին, կենսաբանական գիտությունների վրա հիմնվելով, ուզեցին լուծել քաղաքակրթության խնդիրները, այդ թվում՝ այն խնդիրները, որոնք վերաբերում էին մարդու էվոլյուցիային: Նրանց կարծիքով՝ չի կարելի թույլատրել թերություններ կամ արատներ ունեցողների ծնունդը:

Այս շարժումը, անտեսելով մարդու աստվածային արարումը, փորձում է կարգավորել, այսպես կոչված, «մարդկանց բազմացումը»՝ անվանելով այն նոր, ավելի կատարյալ մարդու ստեղծում: Դեռ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամերիկացի առաջադեմ գործիչ Մարգարետ Սենգերը գրում էր.

«Պետք չէ թույլ տալ ծնվել երեխաներին, ում ծնողները հանցագործներ են կամ մարմնապես թույլ են ու տկար»,- նրանց անվանելով «մոլախոտ»: Ավելի լավ է ոչնչացնել կամ թույլ չտալ ծնվել այդպիսի մարդկանց, քան նրանց պատճառով մեծ ծախսեր անել ու պահել հիվանդատներ անդամալույծների և այլ հիվանդություններով տառապողների համար»:

Եկեղեցին անմիջապես արձագանքեց այս անմարդկային առաջարկին` ընտանիք հասկացությունը ավելի կարևորելով և այն ավելի բարձր դասելով պետությունից: Պիոս 11-րդ պապը 1930-ին հրապարակեց իր թուղթը, որում ասվում է.

«Մարդիկ ծնվում են ոչ միայն այս ժամանակավոր կյանքի, աշխարհի, այլև երկնքի և հավերժության համար: Ոչ ոք, ոչ մի պետական մարմին կամ օրենք իրավունք չունի իր երկրի քաղաքացու կյանքը տնօրինելու ըստ իր ցանկության: Եթե մարդը չի գործել մարմնական պատժի արժանի մեղք, չի կարելի վնասել մարդուն մարմնապես կամ տանջել ոչ մի այլ պատճառով»:

Աստիճանաբար Եկեղեցու տեսակետը սկսեցին կիսել նաև հայտնի գրողներ ու գործիչներ և նրանց շարքում՝ Հերբերտ Չեստերտոնը, ով ոչ միայն մերկացրեց այդ առաջադեմ շարժումը, այլև առերևույթ ծաղրեց նրա հետևորդներին, որոնց համար մարդ հասկացությունը փորձարկումներ կատարելու համար էր: Նրանց բառացանկում չկան ընտանիք, ամուսնություն հասկացություններ, այլ միայն՝ սեռական հարաբերություններ, որի շնորհիվ կատարվում է կատարյալ մարդու ստեղծում:

Մեր օրերում այդ շարժումը, որպես այդպիսին, փա՜ռք Աստծո, չի գործում, բայց պահպանվել է մտածելակերպը, այդ պատճառով է, թերևս, որ այսօր նույնիսկ Լեհաստանում՝ պահպանողական երկրներից մեկում, թույլատրվում է առողջական խնդիր ունեցող երեխաների արհեստական վիժեցումը:

Անդրադառնալով մարդկության պատմության մեջ տեղ գտած այսպիսի երևույթների, սիրելիներ, քրիստոնյաներս հասկանում ենք՝ մեր նպատակն այն է, որպեսզի կտրականապես գիտակցենք, որ ամենակարևորը և թանկագինը Աստծո համար մարդն է՝ լինի նա առողջ, թե հիվանդ, երիտասարդ, թե ծեր, անդամալույծ, թե կատարյալ, Աստված նրա հետ գործում է, ունի նրա հետ կապված ծրագիր, և ամեն տեսակի բռնություն նրա նկատմամբ, եթե անգամ չպատժվի պետական օրենքով, դատապարտվելու է:

Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ