“STOP. քանի դեռ նոն-ստոպը ստոպ չի դարձել”
Հացադուլ. քաղաքական-սոցիալ-հոգեբանական դրսեւորում, մոտիվացիա, ինքնամաքրում, պահանջատիրություն եւ վերջապես ծոմ կամ օրգանիզմի բեռնաթափում, “Stop”-ակցիա … այս շարքը կարելի է շարունակել վերջին մեկ ամսում մեզանում ամենաքննարկվող արտահայտության շուրջ: Արտահայտություն, որ վերջին օրերին քաղաքական “թոփ-նյուզի” գլխագիրն է:
Քաղաքական պահանջատիրություն թե ծայրահեղության տանող փակուղի. հարցերի շարանը դեռ փորձագետների կողմից կքննարկվի: Սակայն այս ամենում ամենագլխավորը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքն ու առողջությունն է:
Henaran.am-ը փորձեց մասնագետից ստանալ ապաքաղաքական հարցի պատասխանը:
Որքան մարդը կարող է ապրել առանց սնվելու, կախված է յուրաքանչյուրի օրգանիզմից: ”Կարող է երկար անել հացադուլ, սակայն ի վնաս իր առողջության, կարող է մինչև 40 օր տևել նույնիսկ, սակայն իր առողջության քայքայման, ինքնաթունավորման հաշվին,-մեզ հետ զրույցում նշեց դիետոլոգը Վարդանուշ Պետրոսյանը,-մարդուց է կախված, կարող է երկու շաբաթից վատանալ, կարող է մեկ ամսից վատանալ, բայց արտաքին դրսևորումները կապ չունեն, ներսում մի քանի օր հետո արդեն օրգանիզմում ոչ ցանկալի փոփոխություններ են լինում”:
Ակտիվ լինելը, սթափ որոշումներ կայացնելը ևս կախված է անհատի օրգանիզմից. ըստ դիետոլոգի`մեկն արդեն 3-րդ օրը չի կարող նորմալ գիտակցել, մյուսը նույնիսկ մեկ ամիս հետո կարող է առողջ գիտակցել: Սակայն մեծամասամբ “մոտ երկու շաբաթ հետո արդեն նորմալ գիտակցելու կարողությունն ինչ-որ չափով անհետանում է: Մարդն այլևս չի կարող նորմալ գիտակցել ու որոշումներ կայացնել“:
Ինչպես կարելի է հասկանալ` մարդն իսկապես հացադուլ է անում, թե ոչ: Բժշկական ուսումնասիրությունները չեն կարող բացարձակապես փաստել, որ մարդը չի սնվում: ”Պրոցեսներ են, օրինակ` սովի ժամանակ օրգանիզմը թթվայնանում է, որոշակի նյութերի քանակն արյան մեջ մեծանում է, բայց դա էլ է անհատական ու կարող է տարբեր աստիճանի լինել ու տարբեր օրերի սկսվել, միջոց, որը որոշում է` ինքը հաց կերել է, թե ոչ, չկա”,-ասաց դիետոլոգը:
Ինչ վերաբերում է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արդեն 11-րդ օրն է հացադուլ է անում, դիետելոգը նշեց, որ ոչ մի սով չի համարվում նորմալ երևույթ: ”Բայց եթե ինքը քաղաքական գործիչ է, կարող է և հացադուլ անել:
Մարդուն ինչ-որ բան պարտադրել չի կարելի, ամեն մեկն ընտրում է պայքարի այն ճանապարհը, որն ինքն է ուզում, սակայն շատ անհանգստացնող է, նա պիտի լինի բժիշկների վերահսկողության տակ: Շատ ավելի լավ կլիներ, որ ուրիշ ձև ընտրեր, որ իր առողջությանը վնաս չլիներ, որովհետև հետո ենթադրվում է, որ պայքարը շարունակվելու է, և նա դեռ պետք է լինելու”,-մեկնաբանեց Պետրոսյանը:
Henaran.am-ին դիետոլոգն ասաց նաև, որ շատ դժվար է հացադուլից հետո վերականգնվելը: ”Հնարավորություն կա, որ առողջությունը լիովին կվերականգնվի, սակայն մեծ խնդիր է հացադուլից դուրս գալը: Մարդը պետք է լինի նուրբ, զգույշ, պիտի լինի բժշկի վերահսկողության տակ, վերականգնումը կախված է հացադուլի տևողությունից, եթե երկար է տևել, հատուկ միջոցներ են պետք”:
Եթե անձը պարբերաբար դիմում է հացադուլի, չի նշանակում, որ օրգանզիմը հացադուլին սովոր է: ”Կրկնակի վնասի տակ է դնում, սովորել հացադուլին հնարավոր չէ”,-եզրափակեց Վարդանուշ Պետրոսյանը: