Գարո Փայլանը պատմել է, թե ինչու են հարձակվել իր վրա
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակումը:
Թուրքական «İMC TV»-ի համաձայն՝ Փայլանը նշել է, որ հարձակումն իրոք նախապես պլանավորված է եղել և պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»:
Հայ պատգամավորն ասել է, որ 10-15 հոգու կողմից ծրագրված է եղել իրեն Լինչի դատաստանի ենթարկել, և այդ նախաձեռնության պատճառն այն է, որ ինքը հայ է ու հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ:
«Դուք կարող եք ստուգել հանձնաժողովի արձանագրությունները: Արդարադատության նախարարը հայտարարեց, թե հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներն ու խորհրդականները բռնություն են կիրառել: Ես էլ ասացի՝ ոչ, բռնություն չեն կիրառել: Ես միայն այդ նախադասությունն եմ արտաբերել: Իսկ հետո սկսվեց հարձակումը»,- պատմել է Փայլանը:
Տեղեկացրել է նաև, որ իրեն մեղադրում են սադրիչ հայտարարություն անելու մեջ, մինչդեռ իրականում նա միայն վերոնշյալ արտահայտությունն է արել:
«Ակնհայտ է, որ նրանք ինձ թիրախավորել էին: Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա: Ես ուղղակի թիրախի վերածվեցի ու 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի ու ոտքի հարված ստացա: Այնուհետև իմ դեմ ուղղված ազգայնամոլական հայտարարություններ, ատելության արտահայտություններ հնչեցվեցին»:
Փայլանը նշել է, որ չի պատրաստվում կատարվածի հետաքննությունը պահանջել, քանի որ նույն այդ հանձնաժողովում խնդրի քննարկումը որևէ արդյունք տալ չի կարող: Նա շեշտել է, որ կատարվածը թողնում է հասարակության խղճին:
«Որպես պատճառ կարող ենք խոսել իմ հայ լինելու մասին: Որովհետև այնտեղ հնչեցված ատելությամբ լի արտահայտություններն ուղղված էին հենց իմ ազգային ինքնությանը: Նրանք չեն կարողանում հանդուրժել, որ հայ ինքնությամբ մեկը նրանց ստերն է բացահայտում ու չի ընկրկում: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի: Որպես իրավունքների համար պայքարող հայ՝ ես ուղղակիորեն թիրախ դարձա և Լինչի դատաստանի ենթարկվեցի», – եզրակացրել է հայ պատգամավորը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր որոշ պատգամավորների անձեռնամխելիության հարցը, կրկին վեճ էր բռնկվել ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ-ի և իշխող ԱԶԿ -ի ներկայացուցիչների միջև: Ինչպես երևում է նիստի տեսագրությունից՝ վեճն ուղղակիորեն ծագել է հայ պատգամավոր Փայլանի դեմ մի խումբ պատգամավորների կազմակերպված հարձակումով: