15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը

Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր ետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն ասացին, որ տասնհինգ տարեկանից այդ վիճակում է ու արդեն տասնութ տարի է տանջվում է: «Բայց մի՞թե կարող է առանց պատճառի, հանկարծակիորեն այդպես լինել,- մտածեցի ես: Անհնար է, այստեղ մի պատճառ կա թաքնված»:

Սկսեցի հարցուփորձ անել և իմացա, որ այդ պատանուն մեկն անիծել էր: Իսկ ի՞նչ էր պատահել: Ահա, թե ինչ. մի անգամ, դպրոց գնալիս, ավտոբուս էր բարձրացել ու փլվել նստատեղերին: Կանգառներից մեկում մի տարեց հոգևորական էր բարձրացել մի ծերունու հետ ու նրա կողքին կանգնել: «Վեր կաց,- ասել էր ինչ-որ մեկը,- տեղդ մեծահասակներին զիջիր»: Իսկ նա ոտքերն ավելի էր երկարել ու ավելի հարմար տեղավորվել՝ ոչ ոքի ուշադրություն չդարձնելով: Այդ ժամանակ կողքին կանգնած ծերունին ասել էր. «Այդպես ձգված էլ կմնաս, նստել չես կարողանա»: Եվ այդ անեծքն էլ ազդել էր: Տեսնո՞ւմ ես, այդ պատանու մեջ լպիրշություն կար: «Իսկ ինչո՞ւ պետք է կանգնեմ,- ասել էր նա,- ես վճարել եմ իմ տեղի համար»: Այո, բայց չէ որ մյուսն էլ է վճարել:

Տարեց, հարգարժան մարդը կանգնել է, իսկ դու՝ տասնհինգամյա պատանիդ, նստել ես: «Այ հենց դա էլ պատճառ է հանդիսացել,- ասացի նրան,- փորձիր ապաշխարել, որպեսզի ապաքինվես: Քեզ ապաշխարություն է անհրաժեշտ»: Եվ բավական էր միայն, որ այդ խեղճը հասկանար ու գիտակցեր իր մեղքը, երբ միանգամից առողջացավ:

Իսկ ներկայումս անեծքի ու վրդովմունքի հետևանքով որքա՜ն դժբախտություններ են առաջանում: Իմացե՛ք, եթե մի ընտանիքում շատերն են մահանում կամ ողջ ընտանիքն է կործանվում, ուրեմն դրա պատճառն անարդարություններն են կամ՝ կախարդությունը կամ՝ անեծքը: Մի մարդ մի որդի ուներ, ով ժամանակ առ ժամանակ հեռանում էր տնից ու հայտնի չէ, թե որտեղ էր թրև գալիս: Մի անգամ, զայրույթի պահին, ասաց նրան. «Այնքան ես գնալու, գալու, որ մի օր վերջին գալդ է լինելու»: Եվ հենց այդ նույն երեկո էլ, երբ տղան տուն էր վերադառնում, հենց իրենց շենքի մուտքի դիմաց ավտովթարի ենթարկվեց ու մահացավ: Ընկավ ու մնաց ընկած, հետո նրա ընկերները վերցրին մարմինն ու նրանց տուն տարան: Դրանից հետո նրա հայրը ինձ մոտ՝ Սուրբ Լեռ եկավ:

Նա լաց էր լինում ու ասում. «Զավակս հենց իմ տան մուտքի մոտ մահացավ: Դրանից առաջ մի բան էի ասել նրան»: «Ի՞նչ էիր ասել»: «Նա թափառում էր գիշերները, ես էլ բարկանալով ասացի. «Մի օր վերջին գալդ է լինելու»: Միգուցե հենց այդ պատճառո՞վ այս դժբախտությունը տեղի ունեցավ»: «Իսկ էլ ի՞նչ պատճառ պիտի լիներ,- պատասխանեցի,- փորձիր մեղքերդ խոստովանել ու ապաշխարել»: Տեսնո՞ւմ եք ինչպես է պատահում, ասում է. «Վերջին գալդ պիտի լինի» ու երեխային մահացած են բերում: Իսկ հետո գլխին է տալիս ու ողբում…

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը` surbzoravor.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ