25 զոհ, 100 վիրավոր. Իրաքում կրկին ահաբեկչություններ են
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա ծայրամասերում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ վիրավոր է, հաղորդում է “Reuters’-ը: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաք ներխուժման 10-ամյա տարելիցի նախօրեին:
Պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում: Ռումբերը տեղադրված են եղել մեքենաների մեջ կամ դրված են եղել ճանապարհներին: Պայթյունները տեղի են ունեցել մեկ ժամվա ընթացքում: Թիրախներ են դարձել փոքրիկ փողոցային ռեստորանները եւ ավտոբուսի կանգառները:
Առայժմ ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար:
Մարտի 20-ին կլրանա ուղիղ տաս տարին այն պահից, երբ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերը ներխուժեցին Իրաք` Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով: Չնայած այդ նպատակին հաջողվեց հասնել գրեթե անմիջապես, սակայն պատերազմը շարունակվեց 9 տարի: Ռազմական գործողությունը պաշտոնապես ավարտվեց 2011-ի դեկտեմբերի 15-ին: