Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու ԵԺԿ նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, ԵՄ ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ:
Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ս.թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին, հետընտրական զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանն ու առաջիկա անելիքներին:
Ելույթում Հանրապետության ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու համապարփակ բարեփոխումների քաղաքական ուղեգիծը, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Խոսելով Արեւելյան գործընկերության որոշ երկրների կողմից եվրոպական արժեքների եւ գործընկերության նպատակների ոտնահարման դեպքերից՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից այդ արժեքներն ընտրողաբար կիրառելը:
Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովից հետո հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում անձամբ Վիլֆրիդ Մարտենսի եւ ԵԺԿ ամբողջ ընտանիքի աջակցության համար, ինչպես նաեւ ընտրություններից հետո նրա ջերմ շնորհավորական ուղերձի, դրանում Հայաստանի առաջընթացի մասին տեղ գտած դրական գնահատականների համար:
Կողմերը կարեւորել են նաեւ միջկուսակցական համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` միջխորհրդարանական մարմինների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին: