Հայաստանը գերազանցել է Թուրքիային
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում հրապարակվել է ամենամյա “Մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքս-2013”-ը, որում Հայաստանն զբաղեցրել է 87-րդ տեղը, ինչն ամենացածր ցուցանիշն է հարեւան երկրների շարքում` բացառությամբ Թուրքիայի, որից Հայաստանն առաջ է 3 կետով: Ի դեպ, համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ` Հայաստանն իր դիրքերը զիջել է մեկ կետով, գրում է “Երկրամասը”:
Այս տարվա զեկույցում, որը անվանվել է “Հարավի աճը. մարդկային առաջընթացը բազմազան աշխարհում”, 187 երկիր է ներառվել: Ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս ցանկը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են ԱՄՆ-ը եւ Ավստրալիան: Լավագույն տասնյակում են նաեւ Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան եւ Ճապոնիան:
Մեր հարեւաններից ամենաբարձր ցուցանիշը Վրաստանն է գրանցել` հայտնվելով 74 տեղում` մեկ տարում 3 հորիզոնականով բարձրանալով: Նրան հաջորդում են Իրանը` 76-րդ եւ Ադրբեջանը` 82-րդ հորիզոնականներով:
Նշենք, որ “մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքսը” ինտեգրալ ցուցանիշ է, որն ամեն տարի համեմատում է աշխարհի երկրները` ըստ կենսամակարդակի, կրթվածության, երկարակեցության աստիճանի` որպես ուսումնասիրվող տարածքի մարդկային պոտենցիալի հիմնական բնութագրեր: