18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ

Մարտի 14-ին կայացավ Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Գիդո Վեստերվելեի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը եւ սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ եւ ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել եւ ընդլայնվել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: “Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, եւ այդ ձեւաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը”,- ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրների միջեւ զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:

Զրուցակիցները արծարծեցին նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:

Նախարարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները՝ թե փոխադարձ այցելությունների, թե բազմակողմ համաժողովների շրջանակներում:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։ 

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Բունդեսթագի պատգամավորների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի արդյունավետ այցելությունը Հայաստան։

Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Աթենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ