Քաղաքական պատասխանատվություն բոլորն են կրում. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ-ում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մեկնաբանեց որոշման մեջ հնչած մի շարք դիտարակումնեևրը, որոնք կապված են ընտրական համակարգի բարելավման եւ անվստահության մթնոլորտի վերացման հետ:
“ԸՕ-ի վերջին բարեփոխումների հիմնական նպատակը դա էր` ստեղծել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան քաղաքական ուժերին ընտրական գործընթացը վերահսկել եւ դրանով իսկ բարձրացնել հանրային վստահությունը”,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ սա, իհարկե, ժամանակ է պահանջում, ինչպես նաեւ` ցանկություն բոլոր քաղաքական ուժերի կողմից: Նրա խոսքով, ԱԺ 6 խմբակցությունից իշխանական են միայն երկուսը, իսկ ընտրական հանձնաժողովներում, իշխանական կուսակցությունները մեկական ներկայացուցիչներ ունեն, ինչպես մնացած ուժերը, հետեւաբար, բոլոր կուսակցությունները հավասար պատասխանատվություն են կրում: Դավիթ Հարությունյանի համոզմամբ, եթե բոլորը պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները, հանրային վստահությունը կկայանա:
Դ.Հարությունյանը որպես ԱԺ պատգամավոր շարունակելու է մտածել, թե ինչ քայլեր կարելի է կատարել, որպեսզի նվազեցվի ընտրություններից հետո քաղաքական հայտարարություններ անելու հնարավորությունները:
Դ. Հարությունյանը շեշտեց, որ եթե որեւէ քաղաքական ուժ բացասական հայտարարություն է անում, ապա պետք է անպայման նշի, թե իր կողմից ներառված անձինք արդյո՞ք օգտվել են օրենքով իրենց ընձեռված բոլոր հնարավորություններից: Օրինակ` գրել հատուկ կարծիք կամ բողոք:
Քաղաքական պատասխանատվություն բոլորն են կրում, եւ ըստ Դ. Հարությունյանի, ինքը կաշխատի այնպես անել, որ օրենսդրական փոփոխությունները քաղաքական ուժերի պատասխանտվությունը ավելի ցցուն դարձնի: