Ոստիկանությունը դժգոհում է
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Միջազգային Բանտային Բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ ներկայացրել է Հայաստանում Անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին ուսումնասիրություն՝ անչափահասների արդարադատության համատեքստում:
Բնավ կասկածի տակ չդնելով հեղինակավոր կազմակերպությունների աշխատատար եւ թանկարժեք (շուրջ մեկուկես միլիոն եվրո արժեցող) հետազոտությունների անչառությունը եւ հետազոտողների բարի կամքը, այնուամենայնիվ, փաստաթղթի մի շարք կետեր եւ դրույթներ, որոնք արձանագրում են ՀՀ-ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունք եւ խոշտանգումներ, նրանց իրավունքների լուրջ ոտնահարման դեպքեր ոստիկանությունում` տարակուսանք ու զարմանք են հարուցում:
Տպավորությունն այնպիսին է, որ խոսքը բնավ այսօրվա Հայաստանի Հանրապետության մասին չէ: Ներկայիս խոսքի ազատության, տեղեկատվական հասարակության, թափանցիկ ու հրապարակային աշխատող ոստիկանության պարագայում անհնար է պատկերացնել, որ դեռահասը կարող է շփվել ոստիկանի հետ առանց ծնողի կամ առանց փաստաբանի, հանրային պաշտպանի ներկայության:
Այն դեպքում երբ ոստիկանության պետը գլխավոր սկզբունք է հռչակել բռնության բացառումը, ու մի շարք ոստիկաններ այսօրինակ եւ այլ գործառութային խախտումների համար ծառայական քննությունների արդյունքում ենթարկվել են քրեական պատասխանատվության, հեռացվել համակարգից, զեկույցում նշված է՝ անչափահասների հետ անցկացրած հարցազրույցները բացահայտեցին, որ դաժան վերաբերմունքի ամենատարածված ձեւերը խոստովանություն ձեռք բերելու նպատակով կիրառվող ծեծն ու ֆիզիկական ճնշումն էին:
Ավելին, նշվում է, որ նախաքննական մարմինը երեխայից ցուցմունք է կորզել մատները դռան տակ թողնելով կամ ատրճանակի սպառնալիքով եւ այլն:Ձեւակերպումներ, որ մեղմ ասած, տարակուսանք են հարուցում. այդքան ապօրինություն եւ՝ ոչ մի դիմում-բողո՞ք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, տարբեր իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների ոչ մի միջամտությո՞ւն: Մի՞թե նման բան հնարավոր ու պատկերացնելի է…
Մի քանի փաստ, որ կարծում ենք, պիտի հետեւությունների առիթ տան զեկույցը պատրաստած, անչափահասների խնդիրներով “մտահոգ” հեղինակավոր կազմակերպություններին:
2012 թ. ընթացքում շուրջ 400 անչափահասներ են հանցագործություն կատարել, նրանցից 15-ը պատիժ են կրում ՔԿՀ-ում, ընդամենը 15-ը, իսկ մնացածը գտնվում են տանը, եւ նրանց հետ վերականգնողական աշխատանք է կատարվում համայնքային վերականգնողական կենտրոններում, որոնք ստեղծվել են ոստիկանության նախաձեռնությամբ:
ՀՔԾ-ում անցած երեք տարիների ընթացում ոստիկանների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ հարուցվել է զրո գործ: Ասել է թե, չի եղել նման փաստ: Եվ չէր էլ կարող լինել, որովհետեւ միայն այս տարվա ընթացքում ոստիկանությունը անչափահասների մասով 100-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ է նախաձեռնել եւ իրականացրել:
Ավելին, ընդամենը օրեր առաջ ոստիկանության պետի հրամանով ՔՀԳ վարչության կազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի առանձին ստորաբաժանում, որն ունի վարչության կարգավիճակ:
Եվ այս ամենով հանդերձ՝ զեկույցը պատրաստողները որպես վերջին ճշմարտություն հրապարակում են անանուն հարցման արդյունքում իբր բացահատված փաստեր՝ պնդելով, որ մեր երկրում 2010, 2011, 2012 թվակաների ընթացքում դեռահասներին խոշտանգումների, կտտանքների են ենթարկել, նսեմացրել ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները, պարբերաբար խախտել են նրանց իրավունքները, եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներից, ԶԼՄ-ների, տարաբնույթ իրավապաշտպան կազմակերպությունների ամենատես աչքից այդ դեպքերը վրիպել են, կամ նրանք բոլորը, ձեռքները ծալած ու շունչները պահած սպասել են փետրվարի 13-ի զեկույցում դրանց հրապարակմանը:
Համաձայնեք, որ իսկապես տարօրինակ է եւ իրականում հռետորաբանության, ոչ թե հիմնավոր ուսումնասիրության ու արժանահավատ եզրակացությունների տպավորություն է թողնում:
Ոստիկանությունն այլ հարթության մեջ է տեսնում այս եւ ցանկացած խնդրի լուծումը: Պրոբլեմը ոչ թե պետք է հռչակագրվի, այլ ուսումնասիրվի, հայտնաբերվի եւ լուծվի:
ՀՀ ոստիկանությունը կրկին հավաստում է իր վճռականությունը՝ աշխատելու բաց ու հրապարակային, ամրապնդելու օրենքի գերիշխանությունը, իր գործառույթների լիարժեք իրականացմամբ պաշտպանելու քաղաքացու եւ հատկապես երեխաների իրավունքներն ու ազատությունները:
Ըստ այդմ, ոստիկանությունը իր համագործակցությունն է առաջարկում Զեկույցը պատրաստողներին՝ համատեղ ուժերով եւ հրապարակավ քննության առնել անչափահասների հանդեպ բռնության եւ խոշտանգումների մասին փաստաթղթում բերված բոլոր օրինակները, հասցեական անաչառ ուսումնասիրությամբ ի հայտ բերել բոլոր իրողությունները եւ նման փաստերի հաստատվելու դեպքում օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին:
Ակնկալում ենք համարժեք արձագանք եւ արդյունավետ փոխգործակցություն, հակառակ դեպքում ստիպված կլինենք կարծել, որ այնքան էլ նպատակային չեն օգտագործվել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից բարձրացված հիմնախնդրի ուսումնասիրմանն ուղղված միջոցները: