Հայաստանի հնարավորությունները զրոյական չեն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը Մոսկվա, ապա Բրյուսել ռազմավարական քաղաքականության վերաբերյալ հաղորդագրություններ էին: ՛՛Նրանց հերթականությունը ևս ռազմավարական կարևորությանն էր վերաբերում, հաղորդագրությունները, որոնք կան, ռազմական համագործակցությունն էին ընդգծում՛՛,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանը շարունակելու է կարևորել ռազմաքաղաքական համագործակցությունը ՌԴ-ի հետ, վկայում է նաև ՌԴ ՊՆ նոր նախարարի՝ բոլորովին վերջերս Երևանում գտնվելը:
Քաղաքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվել է նաև գազի գինը, և նրա խոսքով՝ նոր գները, որոնք կլինեն, Հայաստանի համար, որքան հնարավոր է, ընդունելի կլինեն:
՛՛Եվրասիական միության մասին երևի խոսակցություններ եղել են, սակայն այդ մասին լուրեր չկային՛՛,-ենթադրում է նա:
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերից Իսկանդարյանը կարևորեց նաև Աբխազական երկաթուղու հարցը: ՛՛Տարբեր խնդիրներ կան երկաթուղու հետ կապված, այն գործարկելը շատ դժվար է, Աբխազիայում կան խնդիրներ, Վրաստանում կան խնդիրներ, այն կգործարկեն, բայց ոչ վաղը՛՛:
Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը կամ Եվրամիությանն անդամակցելուն, ապա Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանը կարող է ստեղծել մի այնպիսի մոդել, որով համագործակցություն կապահովի երկու կառույցների հետ էլ:
՛՛Չիտեմ կստացվի, թե ոչ, բայց ինչ է ուզում հիմա անել Հայաստանը, չմերժել ոչ մի տարբերակը, փորձելով գտնել մոդել՝ համագործակցելու այդ երկու միությունների հետ: Հայաստանին ստացվում է համագործակցել և Իրանի, և ԱՄՆ-ի հետ, իսկ ԱՄՆ-ն լավ չի վերաբերում Իրանին, ես չգիտեմ մեկ այլ երկիր, որին ԱՄՆ-ը թույլատրում է համագործակցել Իրանի հետ այս աստիճան: Այն, որ Հայաստանը կստեղծի տարբեր մոդելների հետ համագործակցության իր ձևաչափը, զրոյին չէ հավասար՛՛,-եզրափակեց քաղաքագետը: