Մարտի 18-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով
Մարտի 18-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
“Մարտի 12-ից սկսած Աֆրիկայի հյուսիս արևելյան շրջաններից հանրապետություն են ներթափանցել տաք օդային հոսանքներ, որի հետևանքով օդի ջերմաստիճանը բավականին բարձրացել է: Տաք օդային գոտիների ներթափանցումը շարունակվելու է մինչև մարտի 17-ը ներառյալ:
Օդի ջերմաստիճանը բարձրանալու է ևս 5-6 աստիճանով”,-ասաց նա`հավելելով, որ մինչև 17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 17-ի երեկոյան կլինեն տեղումներ, որը կշարունակվի մինչև 18-ը ներառյալ:
“Մարտի 18-ի ցերեկը հանրապետություն կներխուժեն բավականին սառը օդային գոտիներ, և օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճան”,-նշեց Գ.Սուրենյանը:
Օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալը հայտնեց, որ մարտ և ապրիլ ամիսները կլինեն մոտ միջին նորմային`օդի ջերմաստիճանը միջինից մեկ աստճան բարձր, իսկ տեղումներ նորմայից մի փոքր բարձր:
Նա նշեց, որ ամենացուրտ մարտը եղել է 1985 թ-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է -25 աստիճանի, իսկ ամենատաք մարտը եղել է 2008 և 2010թթ.-ին, երբ օդի ջերմաստիճանը հասավ 28-29 աստիճանի: