Կարեն ջան, Զարուհի ջան…ՍԴ-ում հնչեցին կողմերի եզրափակիչ ելույթները
”Բարձր դատարան 96-ից առայսօր Դուք քննել եք բազմաթիվ դիմումներ ընտրությունների վերաբերյալ, 96-ից առայսօր ՀՀ-ից, այսինքն` անարդարությունից, տիրող իրավիճակից արտագաղթել է շուրջ մեկ միլիոն քաղաքացի”,- ՍԴ-ում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
”Մեր գյուղերը իրականում դատարկվում են: Մենք դիմելով այս դատարան` հայցում ենք արդարություն, չնայած նրան, որ դեռ 96-ից սկսած այս դատարանը ցույց է տվել, որ արդարություն չի կարող հաստատել”,-շարունակեց նա նշելով, որ դա իր կարծիքն է , որից ՍԴ-ն թող չվիրավորվի:
Վերջին հայտարարությունը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի զայրույթն առաջացրեց: Ընդհատելով տիկին Փոստանջյանին, նա հորդորեց զերծ մնալ դատարանին գնահատականներ տալուց եւ խոսել ըստ էության: Տիկին Փոստանջյանն ասաց, որ իր խոսքը ուղղակիորեն վերաբերվում է վեճի առարկային եւ շարունակեց.
”Մեր միջնորդությունը, բացելու պարկերը, որով ի հայտ կգա այն խայտառակությունը, որը տիրել է, մերժեց”: Նա ասաց, թե ՍԴ-ն տարբեր պատճառաբանություններ բերեց, բայց դեռ ժամանակ ունի շտկելու իր ”սխալը”: Ելույթը կրկին ընդհանտվեց ՍԴ նախագահի միջամտությամբ. ”Այնպես չէ, որ ինչ ցանկանաք ասեք, մենք էլ լսենք Ձեզ:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ ինչ ցանկանա, կարող է ասել: Նրա խոսքով, ներկայացված միջնորդությունները մերժելով, Սահմանադրական դատարանը պատասխանող կողմի հետ միասին անգործության մատնեց իր գործառույթները:
”Շատ եմ ցավում, որ արդարադատություն կարող ենք իրականացնել այլընտրանքային դատարանի միջոցով` Ազատության հրապարակում”,-իր խոսքը եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն էլ հայտարարեց, որ խախտվել է Սահմանադրության տասնութերորդ հոդվածով նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, խաթարվել է ժողովրդի իրավունքը` ազատ ընտրությունների միջոցով հանրապետության նախագահ ընտրելու:
Նա խոսեց ընտրական հանձնաժողովների ու ԿԸՀ-ի ”անգործությունից”, ընտրակաշառքների դեպքերը բացահայտված չլինելու հանգամանքից ,նշեց, որ ընտրախախտումները կրել են զագվածային եւ համակարգային բնույթ, ինչի հիմքով ՍԴ-ն իրավասու է անվավեր ճանաչել ընտրությունների արդյուքները:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ գործի քննությունը չտվեց այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք առկա էին:Նրա խոսքով, պատասխանող կողմի բացատրությունները չվերացրեց առկա անվստահությունը:”Չստացա ապացույց կամ հիմք այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի միջամտել ընտրական գործընթացին կամ ճնշում չի ունեցել ԿԸՀ-ի վրա”, – ասաց Անդրիաս Ղուկասյանը:Թեկնածուն շարունակեց.
”Սերժ Սարգսյանը ՀՀ այն միակ մարդն է, որը ուներ բացարձակ հնարավորություն իր ցանկացած ձեւով ազդել ԸՕ վրա: Այս ընտրություններում նա մի խնդիր ուներ`իր անսպառ կարողությոններից` ազդել ընտրությունների եւ պրոցեսի մասնակիցների վրա, չի օգտվել”: Ըստ Ղուկասյանի, դա չարվեց:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր խոսքում ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին ԿԸՀ որոշումը իրավաչափ , իսկ ներկայացված դիմումները չհիմնավորված համարեց եւ եւս մեկ անգամ ներկայացրեց դրանց առնչվող փաստարկները:
Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը իր եզրափակիչ ելույթում մինչ այս ՍԴ-ում քննված նմանատիպ բողոքների համեմատ ներկայացված դիմումները որակեց որպես ամենաքիչ հիմնավորվածը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն իր կամքով ներգրավվել է որպես երրորդ կողմ` փարատելու կասկածները, որոնք կան ընտրությունների արդյունքների նկատմամբ : Նրա խոսքով, ոչ ոք, քան գործող նախագահը ավելի շահագրգռված չէ այդ հարցում: Հրայր Թովմասյանը այնուհետ դիմեց Զարուհի Փոստանջյանին եւ Կարեն Մեժլումյանին, որոնց , ինչպես նախարարն ասաց, ինքը սիրում եւ հարգում է.
” Դատարան գալուց ես հավատացած էի ու այժմ էլ հավատացած եմ, որ դիմող կողմերը կարծում են` իրենք ճշմարիտ են: Կարենն իմ լավագույն ուսանողներից է եղել և լավ քաղաքացի է, ազնիվ մարդ, Զարուհին կարող է գաղափարներին ու կուսակցության առաջնորդին նվիրված մարդ լինել: Այս առումով ես սիրում ու հարգում եմ իրենց:
Բայց ստիպված եմ ասել, Կարեն ջան, Զարուհի ջան այն գործիքներով, որոնցով դուք գնացել եք դատարաններ քաղաքացիական և քրեական գործեր պաշտպանելու, այստեղ այդ գործիքները մի փոքր ուրիշ են, այստեղ դատական վեճն ունի որոշակի առանձնահատկություն, ընտրական վեճերն ուրիշ են:
Այստեղ գալ ու այդ կասկածները խորացնել էնքան էլ ազնիվ գործ չէ, էդպես չի կարելի, որովհետև դա երկու հոգու գործ չէ, որովհետև այդ վեճի արդյունքները դուրս են գալու այստեղից, դառնալու են յուրաքանչյուրի սեփականությունը, հանրության քննարկման առարկա”:
Հրայր Թովմասյանն ասաց, որ դատարանում քաղաքական հռետորաբանություն տեսավ, բայց ոչ իրավունք: Նա չհիմնավորված եւ չփաստարկված համարեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմող կողմի ներկայացրած հիմնավորումները:
Սերժ Սարգսյանի մյուս լիզաոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասացլ, որ եթե իր ելույթում միայն անդրադառնար իրավական կողմին, այն կտեւեր երկու, րոպել որովհետեւ ելույթի զգալի մասը դրան չի առնչվում, բայց ինքն ստիպված է անդրադառնալ մի շարք հարցերի, որովհետեւ այս գործընթացը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Նա շեշտեց, որ այս ընտրություններն անցկացվեցին բարեփոխված ԸՕ-ով եւ նշեց, որ ցավում է, երբ ԸՕ դրույթները նենգափոխելու փորձ է արվում:
Եզրափակիչ ելույթներից հետո ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ: Որոշումը դատարանը կհրապարակի վաղը: