Եկեղեցին ժողովրդի կողքին է, բայց Աստված …
”Ես այդ մասին մեկնաբանություններ չեմ տալիս, միայն Մայր Աթոռը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը` ի պատասխան ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայ առաքելական եկեղեցուն եւ Վեհափառ հայրապետին ուղղված կոչերին:
Փորձեցինք խոսել նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին:
Թեմայի շուրջ լսեցինք ԼՂՀ-ի Գանձասարի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Մարկոսյանի տեսակետը: Նա համաձայնեց Հովհաննիսյանի այն հայտարարության հետ, որ եկեղեցին պիտի լինի ժողովրդի կողքին.
”Այո, եկեղեցին պիտի լինի ժողովրդի կողքին և կա: Նա ժողովրդի կողքին է”: Ինչ վերաբերում է հացադուլին, ապա Տեր հայրն ասաց, որ եկեղեցին, իհարկե, ընդունում է ծոմը, սակայն եկեղեցին հոգևոր կառույց է և պիտի հեռու մնա քաղաքականությունից:
”Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացյալ մարդ է, և ինքը շատ լավ գիտի` ինչ անել: Ծոմ է պահում մարդը, բայց եթե ամեն ինչ կապում են քաղաքականության հետ, դա աննորմալ է:
Քաղաքականությունից պիտի հեռու լինենք մենք: Աստված քաղաքականություն չի ճանաչում: Ցանկացած հոգևորական պետք է հեռու մնա քաղաքականությունից, ինքը չի կարող մեկին սիրել, մեկին ատել: Բոլորն Աստծո որդիներն են, և նա բոլորին պետք է օգնի: Եկեղեցին առաջին հերթին պետք է հեռու մնա քաղաքականությունից”,-այսպես պատասխանեց հոգեւորականը մեր հարցին` կայցելի՞ Գարեգին երկրորդը Ազատության հրապարակ եւ ընդհանրապես ինչպես է վերաբերվում “Ժառանգության” առաջնորդի կոչերին:
Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ եկեղեցին պետք է լինի ժողովրդի կողքին.
”Մի հատ խնդրանք ունեմ, աղոթքից բացի, թող Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ասի, որ մենք Սուրբ տաճարում ենք՝ Վեհարանում, պետք չկա խմել Հայաստանի նախագահի կամ որևէ մի մարդու կենացը: Մի խմե՛ք իմ կենացը: Հայրապե՛տ, Դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիքն է իշխանության:
Սիրելի հայրենակիցներ, Վեհափառ Հայրապետ, ոնց որ ես Ձեզ համար պիտի աղոթեմ, Դուք էլ ինձ համար աղոթեք: Աստված բոլորիս տա սեր, մարդկայնություն, իմաստնություն, մինչև սիրո, մարդկայնության և տղամարդկայնության պահը ես հայտարարում եմ մեր հրապարակում ոչ թե իմ հացադուլը, այլ կեղծիքադուլը, ստադուլն ու վախադուլը”,-ասել էր նա ու հավելել, որ կհամբուրի Ամենայն հայոց կաթողիկոսի աջը, եթե վերջինս այցելի իրեն:
Հավելենք, որ Վեհափառ հայրն այժմ բացակայում է Հայաստանից, կվերադառնա մի քանի օրից: