“Սարդարապատի” հայտարարությունը
_13_ _մարտ_ 2013 թ. Բակունց 2, բն. 82
0033 Երևան
Հեռ. (374+10) 22-05-67
(374+77) 31-32-61
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունում 1995 թ. ի վեր ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի նորգաղութային շահերը սպասարկող ապազգային պետական կառավարման համակարգի և նրա միջուկը կազմող հանցավոր վարչախումբի վերարտադրության միջոցառումների:
Նույնիսկ նախագահական “ընտրություններում”, որոնց ժամանակ օրինաչափորեն արձանագրվում է ժողովրդի մոբիլիզացիայի և պայքարի ուժգնության շատ ավելի բարձր մակարդակ, հնարավոր չէ հաղթահարել ընտրակեղծիքի մեխանիզմը:
Միևնույն ժամանակ հարկ է փաստել, 2013 թ. նախագահական «ընտրությունների» ընթացքում ձևավորվել է աննախադեպ մի երևույթ: Այս անգամ բարձրացած ընդվզման ալիքը հետևանք չէ միայն կեղեքման դեմ հերթական պոռթկման:
Ժողովուրդն իրեն բնորոշ ներքին իմաստնությամբ գիտակցում է, որ այսպես շարունակվելու դեպքում “ընտրությունների” հաջորդ հնգամյա փուլի համար երկիրը կարող է դիմադրության բավարար ռեսուրս չունենալ, ուստի իր ընդվզման մեջ նաև գոյատևման պայքարի ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին:
Հայ ժողովրդի այս ընդվզման որակը հուշում է, որ դրա ճիշտ ուղղորդման և կազմակերպման դեպքում ոչ միայն հնարավոր է մեր երկիրը հանել քաղաքական փակուղուց ու վերականգնել նրա ինքնիշխանությունը, այլև հասնել համազգային զարթոնքի և կառուցել նոր որակի հայկական պետություն:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը փաստում է, որ մենք ըստ իրավիճակի տրամաբանության պարտավոր ենք կատարել քաղաքական փակուղուց դուրս գալու առաջին կազմակերպական քայլը, որպիսին կարող է լինել միայն պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային համակարգի ձևավորման գործընթացի մեկնարկը:
Այդ նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ժողովրդական ընդվզմամբ առաջացած ներկայիս մոբիլիզացիայի աննախադեպ հնարավորությունից և ուժերը չվատնել կանխորոշված ելքով հերթական, այս անգամ արդեն՝ Երևանի ավագանու «ընտրությունների” վրա:
Ժամանակն է ինքնակազմակերպվելու և միահամուռ ջանքերով ձեռնամուխ լինելու այլընտրանքային եղանակով դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ձևավորման միջոցով մեր ինքնիշխանության վերականգնման և նոր որակի հայկական պետության ստեղծման համազգային նպատակի իրագործմանը: