Սխալներ յուրաքանչյուրս ենք անում. ”Ժառանգությունն” ու ԲՀԿ-ն
”Եթե ”Դաշնակցության” մեր գործընկերները առանձին գնան, որևէ խնդիր չկա: Նրանք 125-ամյա պատմություն ունեցող քաղաքական ուժ են, կարող են մասնակցել առանձին ցուցակով` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմության մասնակցության ձեւաչափից:
””Ժառանգությունը” կողմ է լայն ֆորմատին, և, ըստ էության, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասել է, որ այլևս ”Ժառանգության” հարց էլ չկա, սա այլևս համազգային պայքար է, և այն ցուցակը, որը լինի պետք է ներառի այս համազգային պայքարը”,-հայտնեց Մարտիրոսյանը:
Հարցին, թե առանձին գնալը չի՞ նվազեցնում ընդդիմադիրների հնարավորությունները Մարտիրոսյանը պատասխանեց. ”Չեմ կարծում, որ շատ կնվազեցնի, մի փոքր հնարավոր է, բայց այս պայքարը անկախ իր մասնակիցների թվաքանակից այլևս հաղթական է, ոչ թե ցուցակում ներառված կուսակցությունների թիվն ու անունն է էական, այլ այն, թե ով է ընտրելու, ընտրելու է քաղաքացին:
Դիտարկմանը, թե կուսակցությունները իրենց ամբիցիաներից ելնելով են առանձին գնում, նա արձագանքեց. ”Բացարձակ, ինքնությունը չեն կորցնում, ամբիցիաների մասին չխոսենք, դրանք այլ խնդիրներ են: Կուսակցությունները մտնում են դաշինքների մեջ և դուրս են գալիս: ”Դաշնակցությունը” երկար ժամանակ եղել է կոալիցիայի մեջ և իր ինքնուրույնությունը չի կորցրել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է և իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել”:
Մարտիրոսյանը չի կարծում, որ առանձին-առանձին մասնակցող ուժերին պետք է պիտակավորել` որպես կեղծ ընդդիմություն:
”Պիտակավորում չեմ տալու, քաղաքական ուժերը երբեմն ոչ միայն համազգային, համապետական խնդիրներով են մտահոգ լինում, այլև իրենց կուսակցական շահերով, այլ շահերով, որ կարևորվում են իրենց համար:
Եթե քաղաքական ուժը գտնում է, որ իր ընտրողն այստեղ չէ, ինքը կարող է հենց այդ քաղաքացու շահը ներկայացնել և իր կուսակցական շահը պաշտպանել: Երևանի ավագանու ընտրությունները այդ ընդհանուր պայքարի մի մասն է կազմում”,-նշեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ տվեց ”ժառանգությանը” ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, Մարտիրոսյանը պատասխանեց.
”Սա այն հանդիպումների շարքին է պատկանում, որ մենք ունենում ենք բոլորի հետ: Ինչ վերաբերում է` մեզ ինչ է տվել, մենք հայտարարել ենք, որ այսուհետ կուսակցական որևէ պայքար չի լինելու, բոլոր այն ուժերը, որ պատրաստ են մասնակցություն ունենալ այդ պայքարին, մենք ողջունում ենք:
Այդ հանդիպումը ստեղծված իրավիճակների վերաբերյալ տեսակետների փոխանակման հանդիպում էր”:
Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ համագործակցությունը ոչ թե հանդիպումներով է լինում կամ խոսքերով, այլ այսօր “հրապարակում լինելով”: Հարցին` արդյոք ”Ժառանգությունը” կարող է համագործակցել քրեաօլիգարխիկ համակարգի հիմքը հանդիսացող ուժի հետ, ինչպես ”Ժառանգությունն” է անվանել ԲՀԿ-ին, Մարիտրոսյանը պատասխանեց. ‘
‘Մենք ժողովրդի հետ ենք ու մեր կողքին պատկերացնում ենք բոլորին, ով ժողովրդի կողքին է: Մենք հայտարարել ենք, որ այսուհետ կուսակցական պայքար չի լինելու: Կա միայն ժողովուրդ, իսկ սխալներ յուրաքանչյուրս ենք անում”:
Տեսանյութը` քիչ անց