Ապրիլի 9-ին երդմնակալության արարողություն կլինի. Նիկոլ Փաշինյան /վիդեո/
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ”Ազատության” հրապարակում հացադուլ հայտարարած ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Զրույցը բավական երկար է տևել:
Ավարտից հետո լրագրողները Փաշինյանից հետաքրքվել են` ինչի մասին էին այդքան երկար զրուցում: ”Հովհաննիսյանի ինքնազգացողության մասին էի հարցնում, առաջիկա հանրահավաքի հետ կապված, ծրագրեր կային, գաղափարներ կային, դրանք էինք քննարկում”,-պատմել է Փաշինյանը:
Նա նշել է, որ կոռեկտ չի համարում գնահատել հացադուլի դիմելու քայլը, քանի որ հացադուլն արդեն սկսված է: Տեսակետը, որ Հովհաննիսյանի այս քայլը թույլ է, պատգամավորը չցանկացավ մեկնաբանել և նշեց.
”Ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ: Յուրաքանչյուր մարդ ունի կարծիք արտահայտելու իրավունքը: Ես այդ թեմաներին կանդրադառնամ առաջիկա հանրահավաքին սպասվելիք իմ ելույթում”:
Դիտարկմանը, որ հացադուլը արդյունավետության չի բերում, Փաշինյանն արձագանքեց. ”Այդ որոշումը պետք է հարգել, նամանավանդ որ այն կայացրել է ՀՀ քաղաքացիների ձայները ստացած նախագահի թեկնածուն: Եթե նախագահի թեկնածուն դիմել է այդ քայլին, նշանակում է, որ նա այդ քայլի մեջ տեսնում է որոշակի բովանդակություն և պետք է դիտարկել քաղաքական քայլերի ոչ թե ձևը, այլ բովանդակությունը”:
‘Ապրիլի 9-ին երդմնակալության արարողություն կլինի: Այդ ժամանակ կտեսնենք, թե ումը կլինի”: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իշխանության կողմից անիմաստ է ընդդիմությանը որևէ պաշտոն առաջարկել, քանի որ պաշտոն կարող է առաջարկել միայն ընտրված նախագահը:
Փաշինյանը շեշտեց, որ պետք է բացառել բոլոր տեսակի բռնությունները: ”Ցանկացած կողմ, ով կդիմի բռնության, նա կպարտվի”,-եզրափակեց նա: