Պատուհանից նայող Սեդան ճաշարան գնացող զինախմբում Մոնթեին չտեսավ …
Բերքլիի համալսարանի 4 տարվա կուրսն 2,5 տարում ավարտած, Օքսֆորդի համալսարան ընդունված պատանին չշարունակեց կրթությունը` նվիրվելով հայրենիքի պայքարի վեհ գաղափարին…
***
Դուռը բացվեց, և ճաշասենյակի խորքում՝ մթության մեջ, օջախի առաջ դրված փոքրիկ սեղանի վրա մոմերով լուսավորված տորթ տեսավ։
– Այսօր քո տարեդարձդ է, դուն արդեն 3 տարեկան ես, – հայրը Մոնթեյի ձեռքից բռնած մոտեցրեց տորթին, ու այդ պահին սենյակը լուսավորվեց։
Տորթի մոտ սպասող մայրը հավելեց․
– Իսկ հիմա ցանկություն մը պահե և փչելով մոմերը մարե, հետո կաթոն կկտրենք։
Երբ փոքր էր, հորից տանը բազմաթիվ անգամ լսած խոսքերը կրկնում էր որպես ամենաառաջին ցանկություն, բայց մեծանալով՝ նոր միայն հասկացավ ու վերաիմաստավորեց հորից լսած խոսքերի իմաստը։ Որպես ցանկություն կրկնեց հոր խոսքերը․
– Ամեն հայու առաջին փափագը պիդի ըլլա հայրենիքի ազատագրումը։
***
Երեկ Մոնթեյի հետախույզը լուր էր բերել հակառակորդի սպասվելիք օգնություն ստանալու մասին։ Մոնթեն ուրախացավ․ զինամթերքը քիչ է, հագուստի վիճակը վատ, հակառակորդն այն բերում է ճիշտ ժամանակին․․․․իրենց համար։ Եկող օգնությանը դիմավորելու ու <<ստանալու>> համար անհրաժեշտ էր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն արագ ավարտել, այնուհետև կարճ ժամանակում դժվարանցանելի տեղանքով երկար ճանապարհ անցնել։
Լուրը բերող հետախույզն իր հերթին հաստատեց հակառակորդի կողմից չվերահսկվող ու անանցանելի համարվող հատվածով աննկատ թիկունք անցնելու հնարավորությունը։
Պատուհանից նայող Սեդան ճաշարան գնացող զինախմբի մեջ նրան չնկատեց։ Մոնթեն երբեմն ոչ միայն ժամերով, այլև օրերով էր մոռանում սննդի մասին ու այս անգամ էլ ըստ երևույթին խիստ պատասխանատու գործընթացից առաջ քարտեզն առաջին դրած իրավիճակին վերաբերվող հրատապ հարցերի լուծումներն էր փնտրում։
Գագիկ Շոլինյան
Աղբյուրը` armweeklynews