28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր գիծ. Ժամանակ

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է:

Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու քաշեցին որոշակի գիծ:

Երկրորդ փուլը սկսեց, սակայն, ոչ թե 1998-ից, այլ գործնականում 2000-ից, երբ Հայաստանում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո որոշակի ներիշխանական քաոսը սկսեց պարզվել, և սկսեց հաստատվել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ գործարքը: Այդ ընթացքում՝ 1998-2000, Հայաստանում նոր իշխանության ձևավորման փուլ էր, որը սակայն Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ մնաց կիսատ, և իշխանությունը ձևավորվեց արդեն նոր իրողությունների և գործոնների ազդեցությամբ՝ 2000 թվականի գարնանը:

Արցախյան քառօրյա պատերազմը, փաստորեն, ավարտեց ղարաբաղյան կարգավորման բանակցային կոնսպիրոլոգիական կամ խորհրդապահական գործընթացի երկրորդ փուլը, քաշեց երկրորդ գիծը, և մենք այժմ ականատես ենք լինում երրորդ փուլի մեկնարկին: Երկրորդն, իհարկե, որոշակի ժամանակահատվածից հայտնվել էր փակուղում և դադարել էր լինել բանակցային, և պատահական չէ, որ գիծը քաշվեց արտաքին բռնկման՝ պատերազմի միջոցով, ոչ թե ներիշխանական բռնկման, ինչպես 1997-98 թվականներին:

Ընդ որում՝ հետաքրքրական է երկու հանգամանք: Առաջին փուլի գիծը, ըստ էության, քաշել է Հայաստանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածով ու հրաժարականով: Երկրորդի գիծը՝ պատերազմով, քաշել է Ադրբեջանը: Դա նշանակում է, որ առաջին փուլում, մեծ հաշվով, անելանելի էր հայկական կողմի դրությունը, բայց ելքը հայկական կողմը գտել է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մեջ՝ ներքին իշխանափոխությամբ: Իհարկե, մի կողմ թողնենք դրա այլ շարժառիթները, որոնք անկասկած կային, և որոնց պարագայում ղարաբաղյան խնդիրը գուցե առիթ էր, նաև կային, իհարկե, իշխանության ներքին ճգնաժամի խորքային պատճառներ: Այդ ամենն այլ թեմա է:

Ակնհայտ է, որ եթե Հայաստանում չլիներ այդ իշխանափոխությունը, ապա փակուղի մտնող բանակցային կարգավորումը կարող էր դեռ այն ժամանակ բերել որևէ արտաքին ավելի թեժ հանգուցալուծման: Ադրբեջանն այդ քաղաքակրթական «ցենզը» չունեցավ և իր համար ակնհայտորեն ոչ շահեկան վիճակում գիծը փորձեց քաշել պատերազմով: Իսկ վիճակն Ադրբեջանի համար իսկապես շահեկան չէր, քանի որ ակնհայտ է՝ միջազգային քաղաքականության օրակարգում ներկայումս չկա արցախյան խնդրում ստատուս քվո փոխելու խորքային պահանջ և հրամայական, դա օրակարգի հարց չէ: Ավելին՝ այստեղ Ադրբեջանը գուցե ոչ միայն քաղաքակրթական «ցենզի» բացակայության, այլ պարզապես հենց միջազգային հանրության օրակարգ խնդրի ներառման համար էլ գիծը քաշեց պատերազմով՝ ցույց տալու համար, որ ստատուս քվոն եթե չփոխվի, ապա պատերազմը ավելի ու ավելի ծավալուն բնույթ կստանա մոտ ապագայում:

Ահա այդ կետում սկսում է երրորդ փուլը, որտեղ ակնհայտ է, որ սկսել է դիրքային պայքար նախ բանակցային գործընթացի, այսպես ասած, հովանու համար՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նկատելի է, որ Արևմուտքը ցուցաբերում է որոշակի զուսպ կեցվածք, ինչը ամենայն հավանականությամբ կկրի մարտավարական բնույթ: Չի բացառվում, որ Արևմուտքը սպասում է Ռուսաստանի դիվանագիտական ձախողմանը՝ իհարկե, ինքն էլ բավական հմտորեն նպաստելով դրան իր ունեցած քաղաքական խողովակներով: Չի բացառվում, որ Արևմուտքը համոզված է՝ Ռուսաստանը չունի իր ծրագրերը առաջ մղելու ռեսուրս, հետևաբար պետք է թողնել, որ նա եղած ռեսուրսները վատնի աննպատակ:

Այսինքն՝ Ղարաբաղի հարցն, ըստ էության, դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արևմտյան արդեն երկու տարի կիրառվող մարտավարության օղակներից մեկը: Իհարկե՝ նախևառաջ հենց Ռուսաստանի իսկ կամքով, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական գրոհից հետո դիվանագիտական գրոհի է նետվել Ռուսաստանը: Մյուս կողմից՝ Մոսկվան այլ բան էլ չունի անելու, քանի որ հակառակ դեպքում մնում է հաշտվել օրեցօր ազդեցության նվազմանը Կովկասում: Սակայն սա, իհարկե, փակուղի է, որը հղի է ռազմական նոր էսկալացիայով: Հայաստանը պետք է պատրաստվի դրան. որքան պատրաստ լինի դրան Հայաստանը, այդքան քիչ կլինի էսկալացիայի նոր փորձի հավանականությունը:

Հայաստանն այն զսպելու ուրիշ տարբերակ չունի, քաղաքական, դիվանագիտական տարբերակ չունի: Հայաստանն իր այդ տարբերակները սպառել է 2013 թվականին և չի վերականգնել առ այսօր: Այսօր արդեն դրանք վերականգնելը ուշ է: Դեռևս ուշ չէ վերականգնել Հայաստանի գոնե ներքին բալանսը՝ քաղաքական առումով, երբ կլինի գաղափարական պայքար իշխանության և ազդեցիկ քաղաքական ուժերի միջև, որը կներառի նաև հենց արտաքին ոլորտի և անվտանգության հետ կապված հարցերը, ոչ թե սուբյեկտների գերակշիռ մեծամասնությունը կշարունակի ընդամենը Ռուսաստանին հավատարմության պայքար մղել:

Դրա շրջանակում պետք է տեղավորել նաև պայքարը տնտեսական հարթության վրա՝ պետական կառավարման համակարգի, տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման համար, այդ ամենը կապելով ոչ միայն սոցիալական խնդիրներին, այլ ուղիղ իմաստով անվտանգության սպասարկմանը: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեկնարկած նոր՝ երրորդ փուլը, խոշոր հաշվով, պետք է տարբերվի նախորդ երկուսից հենց նրանով, որ այդ փուլը Հայաստանի ներսում կգտնի քաղաքական և տնտեսական հենարաններ, ոչ թե Հայաստանի ներսից հենարան կփնտրեն այդ հարցերում՝ որոնելով դրանք սեփական կուսակցական շահերին համապատասխանեցնելու հնարավորություններ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ