Ոչ ոք թող իմ անվան հետ չկապի 10 դիակները. Րաֆֆին ներողություն է պահանջում
”Ես մարտի մեկին դիտորդ էի Պետերբուգում՝ ռուսական համապետական ընտրությունների ժամանակ. ցավում էի, որ մարտի 1-ին Երևանում չէի: Ես, որ իմացա ողբերգության մասին, կարճ կապեցի իմ առաքելությունը Պետերբուրգում ու մարտի 2-ին եկա Երևան, անմիջապես գնացի հիվանդանոց ու տեսակցեցի վիրավորներին:
Եվ ոչ ոք թող իմ անվան հետ չկապի 10 դիակները, որովհետեւ դրա պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղերին, և հայ ժողովուրդը մինչև հիմա չգիտի ճշմարտությունը այդ տեղերի մասին”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` արձագանքելով իրեն ուղղված այն քննադատություններին, որ 2008 թվականի ապրիլի 9-ին նա մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ արարողությանը գնացել է սևազգեստ և ոչ շամպայն խմելու կամ շնորհավորելու համար:
”Ես որոշեցի իմ ընդդիմությունը ներկայացնել ներկայությամբ, այլ ոչ թե բացակայությամբ: Էլի սևազգեստ գնացի, լսեցի և դուրս եկա շենքից: Եվ ո՞վ ասաց, որ շամպայն խմեցի, կամ շնորհավորեցի: Ներողություն եմ պահանջում ”,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասել էր. ”…փողոցներում մեր ընկերների արյունը չչորացած` շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց և պատճառաբանեց, որ ինքը սևազգեստ է այնտեղ գնացել”: