Մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է. Սարգսյան-Պուտին հանդիպումից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է վերջինիս Հայաստան այցելելու հրավերը : Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ դա իր առաջին արտասահմանյան ուղեւորությունն է նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո: Հաղորդում է “Ռիա Նովոստին”:
“Դա օրինաչափ է, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, մեր դաշնակիցը, եւ դրանով ամեն ինչ ասված է”,-նշել է նախագահ Սարգսյանը` հավելելով.”-Մենք բացարձակ արդյունքների ենք հասել` քաղաքականությունում, տնտեսությունում, ռազմական ոլորտում, հումանիտար եւ ինտեգրացիոն գործընթացներում”: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին “վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում գրանցած առաջընթացի համար”` հիշեցնելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի այցը Հայաստան:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանին եւ Ռուսաստանին յուրահատուկ հարաբերություններ են կապում, եւ կրկին անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ` ընդգծելով, որ մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է, ինչը խոսում է ժողովրդի վստահության մասին:
“Ընդհանուր առմամբ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հաջող կերպով են զարգանում: Հաճելի է նշել, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը Հայաստանի հետ առեւտրա-տնտեսական շրջանառությունում”,-նշել է ՌԴ ղեկավարը` հավելելով, որ Ռուսաստանը նաեւ առաջին տեղում է Հայաստանում արտասահմանյան ներդրումներ կատարելով` ավելի քան 3 մլրդ դոլար գումարով:
Նրա խոսքով` պակաս ակտիվորեն չեն զարգանում նաեւ հարաբերությունները քաղաքական ոլորտում:
“դա լավ հիմք է հանդիսանում նաեւ մարդկանց միջեւ հարաբերությւոնների ամրապնդման համար: Շատ կարեւոր դեր է խաղում հայկական սփյուռքը, որն ապրում է Ռուսաստանում: Մեզ մոտ շատ հայեր են բնակվում, որոնք արժանապատիվ մարդիկ են եւ սերտ կապեր են պահպանում իրենց պատմական հայրենիքի հետ: Դա եւս հավելյալ մարդկային պոտենցիալ է, որը մեզ միավորում է”,-ընդգծել է Պուտինը: