Ում փրկեց Միհրան Պողոսյանը. 168 Ժամ
Երեկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ասել, թե դա սպասված հրաժարական էր, նշանակում է` ոչինչ չասել: Միհրան Պողոսյանը համարվում էր կամ գուցե դեռ է Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներից մեկը, ով, բացի զանազան ոլորտներում ունեցած մենաշնորհներից ու Երևանի փողոցները գծանշելու ու փող հավաքելու գերմենաշնորհից, ուներ նաև այլ «մենաշնորհ»` գործից «ազատում» էր իր ղեկավար՝ բոլոր այն արդարադատության նախարարներին, ում ծեծում էր կամ ով իրեն դուր չէր գալիս:
Բայց շատ հետաքրքիր է այն ձևակերպումը, որով Պողոսյանը «հիմնավորել» է իր հրաժարականը: «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»,- գրել է Միհրան Պողոսյանը:
Գրել է այնպիսի տոնով, կարծես հայ հասարակությունը դեռ պարտավոր է շնորհակալություն հայտնել իրեն` «Ալիևի ռեժիմի միջև քաղաքակրթական զուգահեռ» թույլ չտալու համար: Իրականում, այն, ինչի համար Միհրան Պողոսյանի անունը հայտնվել է «Պանամյան փաստաթղթերում»` օֆշորային սկանդալում, ենթադրում է տեղական և ոչ միայն՝ օրենսդրության կոպտագույն խախտումներ, խոշորամասշտաբ հարկերից խուսափում` դրանից բխող քրեական հետևանքներով: Հրաժարականով այդ սկանդալից դուրս գալը նշանակում է՝ ունենալ նաև «չդատվելու» մենաշնորհ:
Միհրան Պողոսյանի հրաժարականն իշխանությունը վստահաբար ներկայացնելու է՝ որպես հանրային պահանջի բավարարում, որպես «արմատական բարեփոխում», և այլն: Մինչդեռ իրականում Պողոսյանը հրաժարական է տվել, ավելի ճիշտ` նրան ասել են, որ պետք է հրաժարական տա, քանի որ հակառակ դեպքում՝ հրաժարականներ պետք է տային նրա վերադասները:
Բանն այն է, որ «Պանամյան փաստաթղթերի» հրապարակումից հետո տեղեկատվություն հրապարակվեց, որ միջազգային մի շարք կառույցներ ՀՀ իշխանություններից պահանջել են քննել Միհրան Պողոսյանի մասին հրապարակված տվյալները: Այնպես որ, Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել, որպեսզի Հայաստանն ավելի խոշոր միջազգային սկանդալում չհայտնվի: Այսինքն` նա հրաժարական է տվել` հանուն «մնացածի օֆշորային կյանքի շարունակության»: Ի դեպ, հետաքրքիր է` ԴԱՀԿ-ն Միհրան Պողոսյանի ունեցվածքի վրա կալանք կդնի՞, որպեսզի վերջինս չկարողանա բացակայել երկրից: Հազարավոր քաղաքացիների Միհրան Պողոսյանի անունը հայտնի է հենց դրա «շնորհիվ»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: