ԱԺ մոնիթորինգ կամ “դուխի” հարց
5-րդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանի մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցն այսօր լրագրողներին ներկայացրեց ՛՛ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ՛՛ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Նա հայտնեց, որ ԱԺ-կառավարության հեղինակած 94 օրինագծերից միայն 5-ն է պատգամավորներին բաժին ընկնում, իսկ 89-ի հեղինակը կառավարությունն է: Սա բացատրվում է նրանով, որ ԱԺ պատգամավորներն առաջին նստարջանում հիմնականում ավելի պասիվ են լինում, քան կառավարությունը:
ՕԵԿ-ը ու ՀՀԿ-ը քվեարկված օրինագծերի միայն մեկ տոկոսին են դեմ արտահայտվել: ՛՛Սա բացատրվում է, որ նրանք կատարյալ համաձայն են կառավարության գործունեության հետ՛՛,-ասաց նա: Քննարկմանը ներկա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սա մեկնաբանեց հետևյալ կերպ. ՛՛Ցավալի է, որ մեծ խմբակցություն ունեցող կուսակցություններն այդքան քիչ են դեմ քվեարկել կառավարության ծրագրին, դուխները չի հերիքել՛՛:
՛՛Մեր դուխը շատ բարձր է, մենք նման խնդիր չունենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերում ցանկացած կողմի կարծիքին՛՛,-պատասխանեց ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բնական է, որ իրենք պետք է կողմ քվեարկեին կառավարության ծրագրերին, քանի որ կառավարությունն իրենք են ձևավորել:
Ինչ վերաբերում է ելույթներին, ապա ամենաակտիվը ՀՀԿ խմբակցությունն է: Նա ունեցել է 151 հարց ու ելույթ, իսկ ամենապասիվը ՛՛Ժառանգությունը”, որ հնչեցրել է 28 հարց ու ելույթ: Սակայն եթե այս ցուցանիշը համեմատում ենք խմբակցությունների պատգամավորների թվաքանակի հետ, ապա նկատում ենք, որ ՀՀԿ-ական յուրաքանչյուր պատգամավորին բաժին է ընկել մոտ երկու ելույթ կամ հարց, իսկ ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորներին՝ մոտ հինգ:
Ամենաակտիվ պատգամավորը, ըստ զեկույցի, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է: Առաջին անգամ լավագույն եռյակում է ընդգրկվել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: