Րաֆֆու հացադուլն ու ՀՀԿ-ի ներքին խնդիրներից գոյացած ձայները
՛՛Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը իր խոսքը լսելի դարձնելու ձև է: Դա էլ է իր քաղաքացիաիրավական իրավունքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ ինքը սադրանք է անվանել ոչ թե Հովհաննիսյանի հացադուլ անելու քայլը, այլ նրա զանազան հայտարարությունները: ՛՛Ես նշել եմ, որ եթե ինքն ասում է՝ պղծում են Աստվածաշունը, Վեհափառը պիղծ է, իմ դիակի վրայով անցնել, ապա դրանք սադրանք են: Նա բարևի հեղափոխություն է անում, իսկ Սուրբ գիրքը մեր հավատի ամբողջությունն է և չի կարելի երդումը կապել այդ գրքի հետ ու ասել, որ Աստվածաշունչը կպղծեն՛՛,-պարզբանեց պատգմավորը:
Քննարկմանը ներկա ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը ընտրել է Հրանտ Բագրատյանին, սակայն հայ ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա բարբարոսություն որակեց այն, որ Հովհաննիսյանին թույլ չի տրվել ՛՛Ազատության՛՛ հրապարակում վրան տեղադրել: Ինչ վերաբերում է հացադուլին, ապա Զեյնալյանը շեշտեց, որ դա բողոքն արտահայտելու ծայրահեղ միջոց է, հուսահատության դրսևորում:
Մյուս բանախոսը՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հիշեցրեց, որ Հովհաննիսյանի նախորդ հացադուլը ևս համընկնում էր պահքի շրջանին: ՛՛Ծաղրականով էր առաջին հացադուլը: Հետաքրքիր նրբություն կա, չգիտես ինչու միշտ պասի ժամանակներին է համընկնում նրա հացադուլը:
Ոչ ոք իրավունք չունի դրանից զրկել քրիստոնյային, բայց հարցն այն է, թե դու կտա՞ս դրան քաղաքական հնչերանգ՛՛,-ասաց նա: Քաղաքագետը համաձայն չէ, որ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը հուսահատությունից դրդված է դիմել հացադուլի:
՛՛Ինչպես ես չեմ հավատում, որ մեկ միլիոնից ավելի քվեարկել են, այնպես էլ չեմ հավատում, որ նա հուսալքված գնացել է հացադուլի՛՛,-հավելեց Շաքարյանցը: Վերջինս ընդգծեց, որ Հովհաննիսյանի ձայները ոչ միայն իր, ինչպես նաև ընտրություններին չմասնակցած կուսակցությունների համակիրների ձայներն են, այլ ՀՀԿ-ի ներսում եղած հակամարտությունների արդյունքում հավաքվող ձայները:
Իր այս մոտեցումը Շաքարյանցը այսպես բացատրեց. ՛՛Գյումրիի նախկին քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի ընտրատարածքում հաղթեց Սերժ Սարգսյանը, այսինքն՝ նա ցույց էր տալիս, որ իմ ժամանակ, իմ ընտրատարածքում միշտ հակաիշխանական չեն քվեարկել: Դա ՀՀԿ-ի ներսի խնդիրն է, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին տված ձայները՛՛: