Ո՞ր ժողովրդի կողքին է ԲՀԿ-ն. Արամ Սարգսյան
”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն մարտի 11-ին երեկոյան այցելեց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում:
”Ես իմ պատքն եմ համարում իմ աջակցությունը հայտնել իրեն, ասել, թե ես քաղաքական ինչ զարգացումներ եմ տեսնում և զորակցությունս հայտնել”,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը` նշելով, որ ցավում է, որ Հովհաննիսյանը նման քայլի է դիմել:
”Նախ շատ ցավում եմ, որ հասարակության, իմ կարծիքով, մեծամասնություն ստացած թեկնածուն նման քայլի է գնում: Շատ տխուր եմ, որ մենք այս երկիրն ենք, որ ընտրության հետևանքով առաջին տեղը գրաված թեկնածուն դիմում է հացադուլի:
Դա ծայրահեղ քայլ է, որը կդառնա քաղաքական, եթե դրան հետևի քաղաքական քայլերի շարք”,-հավելեց Սարգսյանը:
Մասնավորեցնելով քաղաքական քայլերի շարքը` նա շեշտեց, որ ԱԺ այն խմբակցությունները, որոնք համարում են, որ Հովհաննիսյանն է հաղթել նախագահական ընտրություններում և ժողովրդի կողքին են իրենց դասում, պետք է վայր դնեն իրենց մանդատները և նման կերպ ստեղծեն քաղաքական նոր իրավիճակ:
Հարցին, թե այդ առաջարկով դիմում է նաև ԲՀԿ-ի՞ն, ”Հանրապետություն” կուսակցության առաջնորդը պատասխանեց.
”Ի նկատի չունեմ ԲՀԿ-ին, քանի որ նա չի հայտարարել, որ ընդդիմություն է: ԲՀԿ-ն ասում է, որ ինքը ժողովրդի կողքին է, բայց ո՞ր ժողովրդի, որ ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, թե՞ այն ժողովրդի, որ համարում է, որ Սերժ Սարգսյանն է հաղթել:
Երբ կկոնկրետացնի ու կասի, որ Հովհաննիսյանի կողքին է, ինքն էլ կարող է դնել մանդատները: Բայց ”Ժառանգություն” խմբակցության, ՀԱԿ խմբակցության պատգամավորնեը և Լևոն Տեր-Պետրոսյանը կտրուկ ձևով ասացին այդ մասին ՀՀՇ համագումարին ու ՀՅԴ-ի պատգամավորները ևս համարում են, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը”:
Արամ Սարգսյանը նաև առաջարկում է բոլոր այն մարդկանց, ովքեր փետրվարի 18-ին քվեարկել են Հովհաննիսյանի օգտին, ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին գնալ ”Ազատության” հրապարակ ու նման կերպ իշխանությանը ցույց տալ իրենց բողոքի ձայնը:
”Հասարակության լայն զանգվածները, այն մարդիկ ովքեր, տվել են իրենց քվեն, ուրբաթ պետք է գան հանրահավաքի, դա ցանկացած հաց ու ջրից լավ է”,-կարծում է նա: