Ի՞նչ ԲՀԿ, ի՞նչ ՄԻԱԿ… Երեւանն են ուզում
Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին, Henaran.am-ի տեղեկություններով, մասնակցելու ցանկություն ունի նաեւ նորաստեղծ “Նոր Հայաստան” կուսակցությունը:
Կուսակցության փոխնախագահ Անդրանիկ Թանգամյանը չհերքեց, որ նման մտադրություն ունեն եւ հարցը քննարկվել է իրենց վարչության նիստում: “Բայց կա մի հարց: Քանի դեռ կուսակցության գրանցումն ավարտված չէ, չեմ կարող ասել, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք:
Ի դեպ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք ունեն ֆինանսական, վարչական ռեսուրսներ, մեր կուսակցությունը ունի մի հիմնական ռեսուրս` երիտասարդություն: Եվ սա է մեզ մրցունակ դարձնում”,-ասաց Թանգամյանը:
Մեր այն հարցին, թե ճիշտ են շրջանառվող այն տեղեկությունները, որ “Նոր Հայաստանը” ԲՀԿ-ի ՄԻԱԿ-ն է, Թանգամյանն ասաց. “Երբ որ մենք բարձրաձայնում ենք նաեւ ԲՀԿ-ի կողմից քաղաքական դաշտը փոշիացվելու մասին, ինչպես կարող ենք ԲՀԿ-ի ՄԻԱԿ-ը լինել”:
Իսկ ո՞ւմ հետ կնախընտրի “Նոր Հայաստանը” մասնակցել ավագանու ըտրություններին` իշխանական թեւի, թե ընդդիմության հետ հարցին, կուսակցության երիտասարդ փոխնախագահը ասաց.
“Քանի դեռ պարզ չի, թե որ ուժերն են առաջադրվելու եւ մինչեւ առաջադրման վերջնաժամկետը գուցե մեր կուսակցությունը կգրանցվի պետռեգիստրում: Առայժմ վաղ է խոսել ինչ որ ուժի սատարել- չսատարելու մասին “: