“Սա շանտաժ չէ` միայն իմ դիակի վրայով … ” /վիդեո, ֆոտո/
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը անցած գիշերն անցկացրեց Ազատության հրապարակում: “Հրաշալի գիշեր էր, մարտական”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե որոշ շրջանակներ, նրա այն արտահայտությունը, թե միայն “իր դիակի” վրա երդում կտա Սերժ Սարգսյանը` որակում են շանտաժ, Հովհաննիսյանը նկատեց, որ դա ոչ վերջնագիր է, ոչ էլ շանտաժ:
“Թող ոչ մեկը ինձ եւ հայ ժողովրդին չի սպառնա պետականության կորստով, Արցախի անվտանգության սպառանալիքով, որովհետեւ նրանք, ովքեր կեղծեցին ընտրության արդյունքները, դրանք են սադրիչներ “,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ խորհուրդ տվեց, երիտասարդ կուսակցականներին Նժդեհի անունից ելույթներ չունենալ:
“Իմ այդ արտահայտությունը թող հասկանան բառի բուն իմաստով”,-ասաց “Ժառանգության” առաջնորդը: Նա մեկ անգամ եւս փաստեց, որ սա միայն հացադուլ չէ, այլ “կեղծադուլ է, վախադուլ է”: “Մենք ազգովի դուրս ենք գալիս ստից, վախից, դա իմ պահով նշանակում է նաեւ հացից ինքնազրկում”,- ասաց նա:
Ազատության հրապարակում էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը: Տիկին Արմինեն հրաժարվեց պատասխանել հարցերին: Միայն ասաց, որ առավոտյան է եկել ամուսնու մոտ: Նա չի հորդորի Րաֆֆուն` դադարեցնելու հացադուլը:
Մեր այն դիտարկմանը, թե նստարանի եռագույն ծածկոցը արդյո՞ք 2 տարի առաջվա նույն ծածկոցն է, երբ Հովհաննիսյանը էլի հացադուլ էր անում` տիկին Արմինեն ասաց. “Այո, դա գործել է Րաֆֆիի մեծ մայրիկը”: Նստարանի վրա Աստվածաշունչ կար դրված:
Դիտեք նաեւ տեսանյութը: