Տանյան ու Րաֆֆին /վիդեո/
“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքում ելույթ ունեցավ փաստաբան Տիգրան Նավասարդյանը: Նա նշեց, որ ծնողների հորդորով է եկել Հայաստան` կնոջ`ազգությամբ ռուս Տանյայի հետ: Բայց իր կինն էլ արդեն հայ է եւ խոսքը տվեց կնոջը:
Վերջինս ասաց, որ վերջին օրերին հաճախ է ամուսնու հետ լինում այս հրապարակում: Իր իսկ խոսքով նամակ է գրել “մեր նախագահին՝ սիրելի Րաֆֆիին” ու շատ զարմացել է, երբ պատասխանը ստացել է: “Իսկ այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ հետ կիսվեմ այն զգացումներով, որոնք ներկայացրել էի նրան ուղղված նամակում: Բարեւ, իմ սիրելի մարդ, ուզում եմ խոսել քեզ հետ: Էլ լռելու ուժ չունեմ, ներիր, որ քեզ հետ “դու”-ով եմ խոսում, պարզապես դու ինձ շատ մոտ ես: Ուզում եմ քեզ պատմել, թե ինչ եմ զգում: Հուսով եմ՝ քեզ համար նույնքան կարեւոր եմ, որքան՝ դու ինձ համար: Ես խոստանում եմ հայերեն գրել եւ կարդալ սովորել”,- ասաց երիտասարդ կինը:
“Յա տոժե օբեշչայու”,-նրան ընդհատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տանյան մի քանի տարի առաջ հասկացավ, որ կինը կարող է ունենալ երկու հայրենիք. մեկը, որտեղ ծնվում է նա, եւ մյուսը, որտեղ ծնվում են նրա երեխաները: Իսկ այսօր արդեն ինքը արթնանում է Արարատ լեռան հետ, սիրում է հայկական հացի բույրը, մեր ծիրանի այգիների բույրը, մեր դուդուկի “լացը”, ինչպես նաեւ մեր տխուր հայկական աչքերը:
Տանյան վերջում երգեց “Երազ, իմ երկիր, Հայաստան”-ը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքին ամրացրեց ծիրանենի ժապավենը: