Կլինի շատ ավելի հուժկու պատերազմ. ազատվենք թույն-թարախից. Առավոտ
Կարծում եմ` ոչ մեկի մոտ պատրանքներ չկան, թե սա Ադրբեջանի վերջին հարձակումն էր Արցախի վրա օրերի, շաբաթների կամ առավելագույնը ամիսների ընթացքում կլինի նոր` շատ ավելի հուժկու գրոհ: Գրեթե կասկած չկա, որ լարվածություն կառաջանա նաեւ Հայաստանի սահմաններին: Հույս ունեմ, որ ոչ ոք չի սպասում, թե Ռուսաստանը, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները մատը մատին կխփեն այդ հերթական հարձակումը կանխելու կամ դատապարտելու համար` նրանք հանդես կգան կրակը դադարեցնելու «բոլոր կողմերին» ուղղված կոչով:
Հետեւաբար, մեր միակ հույսը կարող է լինել ներքին մոբիլիզացիան: Ոչ միայն բանակի, որի մարտիկների հերոսությունը եւս մեկ անգամ ապացուցվեց, այլեւ Հայաստանի ամբողջ հասարակության, աշխարհի բոլոր հայերի: Չզարմանաք, բայց կարծում եմ, որ այդ համախմբման հիմքը պետք է լինի մեր` հայերիս իրար նկատմամբ բարյացակամ, հանդուրժող վերաբերմունքը, թույն-թարախը մեր միջից հանելը, որեւէ մեկին փնովելու միջոցով ինքնահաստատման ձգտումից հրաժարվելը: Ամեն մեկս ինչ-որ մեկից ինչ-որ պատճառով նեղված ենք, բայց այսօր այդ անձնական նեղվածությունն արտահայտելու պահը չէ, ժամանակավորապես մոռանանք դրա մասին:
Կոոուպցիոներների եւ գանձագողերի մասին: Իհարկե, կարելի է քաղաքական միավորներ հավաքելու եւ «խիզախ ընդդիմադիր» երեւալու համար խոսել «կուլակաթափության» եւ «ազգայնացման» մասին: Բայց նախ` դրանք «օդի մեջի» խոսակցություններ են, երկրորդ` դրանք բերում են ներքաղաքական պայքարի այս պահին անցանկալի սրմանը, որտեղ պարզ չէ, թե ինչ է ասվում ազգային, իսկ ինչը` նեղ անձնական, թայֆայական շահերից ելնելով: Հասարակությունն, իհարկե, պետք է շարունակի այդ «պերսոնաժներին» խարազանել` պահանջելով նրանցից հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Նրանք էլ պետք է գիտակցեն, որ նրանց գողացած ամեն լուման մեկ զինվորի կյանք է: Թո՛ղ փորձեն ապրել այդ գիտակցությամբ:
Մոբիլիզացիա նշանակում է նաեւ, որ ամեն մեկն իր տեղում իր գործն է անում’ բարեխղճորեն, պարկեշտ, նվիրումով: Պարտադիր չէ, որ բոլորը գնան Արցախ եւ զբաղվեն Աստված գիտի` ինչով: Ուսուցիչը` դասարանում, բժիշկը` հիվանդանոցում, գիտնականն իր լաբորատորիայում պետք է իրենց գործողություններով համապատասխանեն աոաջին գծում կանգնած հերոս զինվորի վարքին եւ մտածողությանը: 21-րդ դարում ռազմաճակատի գիծը ոչ միայն հակաադրբեջանական սահմանն է կամ ԼՂՀ-Հայաստան շփման գիծը, այլեւ ամեն մեկիս գործը, որում թերանալը ուղիղ վնաս է հասցնում մեր զինվորին:
Պետք չէ առանց որեւէ հստակ, ձեւակերպված առաքելության գնալ Արցախ, եթե դրա հստակ դրա հստակ պահանջարկը չկա: Պետք չէ նեղանալ, եթե մեզ խնդրում են տուն վերադառնալ: Կամուֆլյաժ հագնելու եւ սելֆի անելու ժամանակը նույնպես անցել է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: