ՕԵԿ-ը քննարկել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը
Այսօր տեղի ունեցավ ‘’Օրինաց երկիր’’ կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր:
Ելույթով հանդես եկան ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը և Սոֆյա Արթենյանը: Բանախոսները նախ իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՕԵԿ նախագահին, քաղաքական խորհրդին և վարչությանը վստահության համար, ապա ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու ծրագրերը առաջիկա ընտրությունների հետ կապված:
Այնուհետև վարչությունը քննարկել է ”Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակի նախնական կազմը, որը վերջնական տեսքով, համաձայն ՀՀ ‘’Ընտրական օրենսգրքի’’, սահմանված ժամկետներում կներկայացվի Կենտրանական ընտրական հանձնաժողով:
‘’Օրինաց երկիր’’ կուսակցության վարչությունը, առաջնորդվելով երկրում, ինչպես նաև Երևան քաղաքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունից, կարևորելով կուսակցության` տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, քննարկել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որը նախատեսում է մայրաքաղաքում ժողովրդին հուզող տեղական նշանակության խնդիրների լուծում` նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով:
Վարչությունը քննարկել է նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:
Տեղեկացնում է ՕԵԿ լրատվական ծառայությունը: