18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն ՀԱԿ-ին չի կանչել նոր ՀԱԿ-ի պատճառո՞վ

Մարտի 11-ին մեկնարկում է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումը, սակայն այս պահին կարելի է արձանագրել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն ու Օրինաց երկիրն ունեն մասնակցելու վերաբերյալ կայացրած որոշումներ: Ավելին` նրանք արդեն իսկ հրապարակել են իրենց ընտրական ցուցակների առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների անունները և հայտնել, որ աշխատում են ցուցակն ամբողջացնելու ուղղությամբ:

Ի տարբերություն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, մյուս քաղաքական ուժերը իրենց մասնակցության-չմասնակցության, իսկ մասնակցության դեպքում` նաև դրա ձևաչափի վերաբերյալ մշտապես գործող մարմինների որոշումներ դեռևս չունեն:

Վերջին օրերին շատ է խոսվում Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ ղեկավար մարմինների ներկայացուցիչների միջև տարբեր ձևաչափերով ընթացող քաղաքական խորհրդակցությունների մասին:

Երեկ երեկոյան և այսօր ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կայացել է ՀՅԴ, Ժառանգության և ԲՀԿ-ի ղեկավար մարմինների երկուական ներկայացուցիչների հանդիպումը: Օրակարգում Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցն էր, որի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: Մասնակիցներն էլ այլ մանրամասներ չեն հայտնում:

Ինչ վերաբերում է այդ հանդիպմանը ՀԱԿ-ի չմասնակցությանը, ապա ինչպես նախօրեին պարզաբանել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը, պատճառը ՀԱԿ-ում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն են. ՀԱԿ կուսակցությունների դաշինքը գոյություն չունի, իսկ նորը` ՀԱԿ կուսակցությունը դեռևս կազմավորված չէ: Այդուհանդերձ, նա վերահաստատել է, որ իրենք կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը, և չի բացառել նաև ՀԱԿ-ի հետ հանդիպման հավանականությունը:

Ի դեպ` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները` անկախ նրանից, առանձին, թե դաշինքով կմասնակցեն նախ պետք է հաստատեն սեփական ընտրական ցուցակները:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ կուսակցություններն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման, իսկ կուսակցությունների դաշինքները` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա:

Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դրանում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում և հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող մարմնի որոշմամբ:

 Տեղեկացնում է Փաստինֆոն:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ