Կիթառի հնչյունների ներքո ‘’գժական մարտի 8’’-ը տարածեցին Երեւանում /ֆոտո, վիդեո/
Կիթառի հնչյունների ներքո մի խումբ երիտասարդներ այսօր Երեւանի փողոցներում գարնանային ջերմ, սիրառատ տրամադրությունն էլ ավելի ռոմանտիկ կդարձնեն: ‘’Մեր երաժշտության շնորհիվ էսօր ռոմանտիկա պետք է հաղորդվի, ոչ թե ռաբիսի տեսքով, այլ լավ երաժշտությամբ, օրինակ` շանսոնի միջոցով :
Նոր էստեղ կանգնել էր ավտոմեքենա ու ռաբիսը քոքել, այսինքն` մեր ազգի մեջ փորձում են ռաբիսն արմատավորել: Մենք կփրձենք հակառակն անել: Նվագելու ենք նաեւ Հախվերդյան, սերենադային երգեր` ‘’Ով սիրուն սիրուն’’-ը, ‘’Երեւանի սիրուն աղջիկ’’-ը ու նման բաներ ’’,-երաժիշտ Գարիկ Միքայելյանն է Henaran.am-ին ասում:
Դասադուլի մասնակցիներից բաղկացած նախաձեռնությունը, որի անդամ է նաեւ երաժիշտը, կանանց տոնի կապակցությամբ գեղեցիկ ակցիա էր կազմակերպել: Միջոցառումը մեկնարկեց Իսահակյանի արձանի մերձակայքից: Երիտասարդները ‘’գժական մարտի 8’’-ը տարածեցին Երեւանի փողոցներով:
‘’Ցանկանում եմ, որ մարտի 8-երը մեկը մեկից գժական լինեն’’,-սա ինձ բաժին ընկավ: Երիտասարդները գունավոր թղթերի վրա իրենց մաղթանքներն ու ջերմ տրամադրությունը փոխանցեցին հայուհիներին: ‘’Ժպտացեք մարտի 8 է ` Ձեր գեղեցիկ տոնը’’, ’’Հրաշալիքների աշխարհը առանց Ձեզ ուղղակի աշխարհ է’’ …
Ակցիայի մասնակից Տիգրան Պողոսյանը Henaran.am-ին ասաց, որ բացի գեղեցիկ խոսքերից, իրենք նաեւ հիշեցնում են հայ կանանց ու աղջիկներին` ակտիվ եղեք եւ պայքարեք ձեր իրավունքների համար: Տիգրան Պողոսյանի խոսքով, դասադուլը, թեեւ ավարտվեց, բայց երիտասարդների շրջանում սկիզբ առած հզոր շարժումը չի կարող մարել: