Կինը պետք է այնքան սեր նվիրի, որ իրեն տասնապատիկ վերադառնա. Կարինե Աճեմյան
Պատգամավոր Կարինե Աճեմյանի մարտիության առավոտն անակնկալներով է սկսվել: Օրը շարունակվում է նույն տրամադրությամբ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Կարինե Աճեմյանն ասաց, որ ինքն այն կարծիքին է, որ քաղաքականությունն ավելի շատ տղամարդկանց գործն է, բայց այսօր կանայք առաջ են մղվում, ինչն անշուշտ դրական է գնահատվում:
Կարինե Աճեմյանի խոսքով, այսօր քաղաքականության մեջ կանանց նկատմամբ պահանջկոտությունն ավելին է, քան հակառակ սեռից. ‘’Այն ամենը, ինչ կարելի է ներել տղամարդկանց, չի կարելի ներել կանանց’’,-կարծում է Կարինե Աճեմյանը:
Նա համոզված է` կինը քաղաքականության մեջ շատ բան կարող է փոխել: ‘’ Հատկապես ընտրություններից առաջ եւ հատկապես հետընտրական այս թփոհուբոհից հետո կանանց վերաբերմունքը, նրանց մեղմությունը կնպաստեն, որ մենք հարթենք հասարակության մեջ առկա խնդիրները’’:
Խոսելով քաղաքականության մեջ երբեմն-երբեմն դրսեւորվող անհանդուրժողականությունից եւ հենց իրենց` կականց կողմից նման վերաբերմունքից, Կարինե Աճեմյանն ասում է, որ ընդհանրապես, մենք դեռ չենք կարողանում միմյանց մտքերը հանգիստ արտահայտել, սակայն, եթե ուզում ենք ժողովրդավարական երկիր կառուցել, ապա բազմակարծության առումով պետք է միմյանց հանդուրժել: Իսկ խորհրդարանում վերջերս կին պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին Կարինե Աճեմյանը մեծ նշանակություն չի տալիս:
‘’ Կին պատգամավորների խնդիրները դրանք միջադեպեր են, որոնք ուշադրության արժանի չեն’’,-նշում է նա եւ հավելում, որ նույն երեւույթը նաեւ տղամարդ գործիչների հարաբերություններում է երբեմն տեղի ունենում, բայց դա այն աստիճան չի ընդգծվում, որքան կանանց դեպքում:
Կարինե Աճեմյանն ընդհանրապես դեմ է կին- տղամարդ հարաբերությունները դիտարկել հակամարտության տեսանկյունից: ‘’Նորմալ հասարակության մեջ պետք է բոլորը ցանկություն ունենան, որ կանայք լինեն ուժեղ եւ ոչ թե մրցեն տղամարդկանց հետ: Կանայք իրենք պետք է ցանկանան, որ իրենց կողքին լինի ուժեղ տղամարդ, որ իրենց երկիրը ղեկավարի ուժեղ տղամարդը: Բնությունը այդպես է ստեղծել’’,-կարծում է:
Ինչ վերաբերվում է կանանց քվոտավորման խնդրին, տիկին Աճեմյանը շատ կողմ չէ, սակայն, օրենքով դրա ամրագրումնը ամեն դեպքում կանանց առաջ մղելուն է նպաստում: Չնայած սրան ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է` կանայք պետք է պրոֆեսիոնալ եւ կազմակերպված լինեն եւ ցուցակներում ոչ պրոֆեսիոնալ կանայք չպետք է ներգրավվեն:
Իսկ ինչ է կանացի երջանկությունը: Այս հարցին պատգամավորը հստակ պատասխան ունի.’’Կինը երջանիկ է, երբ սիրված է: Կինը շատ սիրո կարիք ունի, բայց կինը պետք է այնքան սեր նվիրի, որ իրեն տասնապատիկ վերադառնա:
Տղամարդիկ իրականում ադեկվատ են, ուստի կինը եւ ընտանիքում, եւ հասարակական կյանքում պետք է սեր տա: Սիրվող կինը միշտ հաճելի է հասարակության համար, որովհետեւ նրա աչքերը փայլում են’’: