ՀՀԿ-ի առաջին երեքը /վիդեո/
Մարտի 7-ի երեկոյան, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են հետընտրական զարգացումները եւ Երեւանի ավագանու անդամների ընտրության ՀՀԿ ցուցակի հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդ հորիզոնականում միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, 3-րդը` Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Ըստ Շարմազանովի, ամբողջական ցուցակը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում:Անկախ ամեն ինչից, առաջին երեք անունները չեն փոխվի:
Պատասխանելով ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով մայիսի 5-ին ընտրություններին մասնակցելու հարցին` Շարմազանովն ասաց, որ առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում է ՀՀԿ-ի դեմ: Սրան, ասել է` թե քաղաքական մրցակցությանը, ՀՀԿ-ն կողմ է:
ՀՀԿ-ն միավորումից վտանգ չի տեսնում, չի վախենում: Ինչպես մնացած ընտրություններում այս անգամ էլ ՀՀԿ-ն գնալու է պայքարի` հանուն գաղափարի:
“Կմիավորվեն, չեն միավորվի, դրանք իրենց ներքին խնդիրներն են, յուրաքանչյուր կուսակցությունն ինքն է որոշում՝ ինչպես հանդես գա: Մենք վստահ ենք, որ ճիշտ եւ համախմբված աշխատանքի դեպքում կարող ենք հասնել շատ լուրջ հաջողության”,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Վերջինս մեկ անգամ հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե կուսակցության ԳՄ անդամները մի մասը դեմ է եղել Տարոն Մարգարյանի՝ համամասնական ցուցակի ղեկավարմանը՝ որակելով դրանք ծիծաղելի եւ զավեշտալի լուրեր: