17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջավախքի “Հայկական գաթան”

Մարտի 6-ին Մեծ պահքի Միջինքի օրը Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ նշվեց “Հայկական Գաթա” փառատոնը:

 Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով, որից հետո  Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ՝ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը խոսեց Մեծ պահքի և Միջինքի մասին: Հայր Սուրբը իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում են գաթաներ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում գաթա, որտեղից է գալիս այն: Միաժամանակ ավելացրեց.

“Առաջին անգամ է Ջավախքում անցկացվում  “Հայկական գաթա” փառատոնը, որը բարի սկիզբ է ապագայի համար: Մենք պետք է դիմենք միջազգային կազմակերպություններին, որ շատ ու շատ այլ կերակրատեսակների հետ միասին գաթան անցկացնեն Յունեսկոյի գրքի մեջ՝ որպես հայկական ուտեստ”:

Այնուհետև Շուշանիկ Սալայանը հավաքվածներին ներկայացրեց միջինքի գաթայի հայկական ավանդույթները: Ըստ ավանդության՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում  տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

Փառատոնին  ներկայացվեցին երկու տասնյակից ավել գաթաներ, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստվել էին երաժշտական, կիրակնօրյա դպրոցների և “Ապագայի տուն” ուսումնական կենտրոնի անդամ կանանց կողմից: Միջոցառումն ուղեկցվում էր Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի հոգեպարար շարականներով, Ախալքալաքի մշակույթի տան սաների հայրենասիրական երգերով:

Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Հայր Սուրբի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո “Վաչիան” երգի-պարի համույթի սաները, ազգային տարազներ հագած, մատուցեցին օրհնված գաթաները ներկաներին: Այն երջանիկները, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից ստացան Աստվածաշունչ մատյաններ, որոնք նվիրաբերվել էին Տեր և Տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների կողմից:

Փառատոնն ավարտվեց, սակայն այն մի նոր սկիզբ ու մշակույթ ազդարարեց Ջավախքում: 

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ