«Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները նպատակ ունեն /ֆոտո/
Սույն թվականի, ապրիլի 1-ի երեկոյան ծավալված պատերազմական իրավիճակի, առաջին իսկ ժամերից, հրամանատարներ Ջերմուկցի Համոյի և Մասիսցի Սայադի նախաձեռնությամբ, իր ձևավորումը սկսած, «Հայդուկ» կամավորականների ջոկատի առաաջնային նպատակներից մեկը` ժամանակի պահանջներին համապատասխանող մարտիկների խումբ ստեղծելն է, որը հարկ եղած դեպքում, կարող է միանալ երկրի անվտանգության ապահովվման գործին և դա անել ոչ թե պարտիզանական կռիվների մակարդակով, այլ որպես կանոնավոր բանակի շարքերը համալրող, պահեստային զինուժ: Արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարների նախաձեռնությամբ ստեղծված «Հայդուկ»-ը ամենամեծ ջոկատներից մեկն է: «Հայդուկ»-ի մարտիկների ավելի քան 80 տոկոսը` Արցախյան ազատամարտի մասնակից մարտիկներն են, իսկ մյուսները` հրադադարից հետո ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում ծառայած և իրենց ժամկետային զինծառայությունը սահմանապահ զորամասերում իրականացրած, երիտասարդները:
«Հայդուկ»-ի օրը սկսում է մարզանքով, զենք-զինամթերքի ստուգմամբ և մաքրումով, որից հետո կամավորները, ժամկետային զինծառայողների հետ հավասար, սնվում են զինվորական ճաշարանում: Նախաճաշից հետո «Հայդուկի» մարտիկները, անցնում են շարային մարզումներին, իսկ հետո, ուղևորվում կրակային դաշտ, որտեղ Արցախյան ազատամարտի մասնակիցնեը վերհիշում են իրենց կրակային պատրաստության, մարտավարական գիտելիքները և փոխանցում երիտասարդ սերնդին, երիտասարդներն էլ իրենց հերթին, ցուցադրում են բանակային տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու աչքի ընկնելով առաջադիմությամբ, փորձում ապացուցել ազատամարտիկներին, որ արժանի են առաջնագծում նրանց կողքին կանգնելուն և հարկ եղած վայրկյանին անգամ, հակառակորդի դեմ մարտ սկսելուն:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը:
«Կարևորը տղերքը դուխով են ու ոչ մի բանից չեն ընկճվում: Գնում ենք հաղթելու»,-ասաց Հայկ Կիսեբլյանը: