Քար լռություն. բանկերը միանում են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):
Այսօր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ևս որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ճակատամարտում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները: Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:
Henaran.am-ը երեկ փորձել էր մի շարք բանկերից պարզաբանում ստանալ, թե նրանք ինչ քայլեր են պատրաստվում անել այս ուղղությամբ: «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ից արձագանքեցին, թե էլեկտրոնային նամակ գրենք, և մոտ ժամանակներս կպատասխանեն: «ՀԱՅԷԿՈՆՈՄ» բանկից էլ խոստացան` օրվա ընթացքում պատասխանատուներից որևիցե մեկը մեզ կզանգահարի, սակայն այդպես էլ զանգ նրանց կողմից չստացանք: Նկատենք, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄ» բանկի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին: