Հայտնի ֆուտբոլիստը` էներգետիկայի նախարար
Վրաստանի ապագա վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է տնտեսական բլոկի նոր նախարարներին: Հայտնի ֆուտբոլիստ, “Միլան”-ի նախկին խաղացող եւ Վրաստանի հավաքականի նախկին ավագ Կախա Քալաձեն կղեկավարի էներգետիկայի նախարարությունը: Ավելի վաղ նա ներկայացվել էր որպես ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարի թեկնածու, սակայն հիմա պարզվել է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Դավիդ Նարմանիան, տեղեկացնում է “РБК” կայքը:
Ֆինանսների նախարար է նշանակվել “Վրացական երազանքի” առաջնորդներից մեկը` Նոդար Խադուրին: Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Գեորգի Կվիրիկաշվիլին: Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարն է Դավիդ Սերգիենկոն: Այս պաշտոնի համար եւս այլ թեկնածու կար` Ամիրան Գամկրելիձեն, սակայն նա Իվանիշվիլիի խորհրդականը կդառնա:
Էներգետիկայի նախարարի պաշտոնում Քալաձեին նշանակելու վերաբերյալ քննադատություններին Իվանիշվիլին պատասխանել է, որ “նա փորձ չունի, սակայն շատ ընդունակ մարդ է եւ արագ է աճում”: