Տաքսիները
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մարտի 6-ի ընդլայնված նիստի օրակարգում ՀՀ կառավարության աշխատակազմի “Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն”-ի կողմից ներկայացված տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր:
Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, “Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն”-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կենտրոնի իրավաբան Գեղամ Գևորգյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Ավետիսյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ֆինանսների նախարարության, Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաներ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամներ, տաքսի ծառայության սեփականատերեր և վարորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրենսդրական նախաձեռնության շրջանակներում քննարկվող հարցերը վերաբերում էին ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելուն, բուժզննման և տեխզննման գործառույցները վերացնելուն, տաքսիների հաշվիչների սակագների տարբերակված կիրառմանը, վարորդների չնորմավորված աշխատաժամանակին և վճարմանը, ինչպես նաև անհատ ձեռներեց վարորդների կարգավիճակը ֆիզիկական անձի կարգավիճակով փոխարինելուն:
Արմեն Եղիազարյանի խոսքով` իրենց կողմից կատարված ամենակարևոր քայլերից մեկն այն է, որ 1 մեքենա վարելու իրավունքը կվերապահվի ֆիզիկական անձանց` առանց գրանցվելու որպես անհատ ձեռներեց:
Մեկ մեքենայից ավել ունեցողները կշարունակեն մնալ անհատ ձեռներեցի կարգավիճակում: Եթե վարորդը համապատասխան տուրքը վճարում է, նրան անվճար տրվում է ինքնակպչուն կտրոնը, որն էլ հիմք է տալիս Տրանսպորտի և կապի նախարարությանը` վերահսկել տվյալ ավտոմեքենան` որպես տաքսի ծառայություն իրականացնող ավտոմեքենա:
Սակայն վարորդները մտավախություն ունեն, որ անհատ ձեռներեցից ֆիզիկական անձի կարգավիճակի անցումը ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների կհանգեցնի:
Դեղին պետհամարանիշները վերացնելու առաջարկը եղել է Ճանապարհային ոստիկանությանը: Արթուր Տոնոյանը հավաստիացնում է, որ այդ փոփոխությունը միայն վարորդի շահերից է բխում. “Անվտանգ երթևեկելու առումով դեղին համարանիշը որևէ առավելություն չունի, փոխարենը դուք ազատվում եք լրացուցիչ գումարներ վճարելուց և երկու պետական մարմնի դուռ ընկնելուց` գործարքը կատարելով 1 օրում` նախկին 5-7 օրվա փոխարեն”:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դեմ է դեղին համարանիշերը հանելուն: Նրա խոսքով` քաղաքացին այսօր օրինական տաքսին տարբերում է դեղին համարանիշի միջոցով, իսկ այդ փոփոխության դեպքում կարող է չտարբերել:
Մտավախություններից մեկն էլ այն է, որ այդ կտրոնը հեշտությամբ կարելի է կեղծել:
Ինչո՞ւ է հանվել տեխզննման և բուժզնման պահանջը: Ըստ կենտրոնի տնօրենի` գործնականում չկիրառվելու հետևանքով:
Բուժզնման պահանջը հանելուն դեմ արտահայտվեց Առողջապահության փոխնախարարը: Նա գտնում է, որ վարորդներն ամեն օր պետք է բուժզննում անցնեն: Որպես պարզագույն օրինակ` նա նշեց օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությունները` ընդգծելով, որ հիվանդ վարորդը կարող է դառնալ հիվանդությունների տարածման աղբյուր:
Տաքսի ծառայության սեփականատերերից մեկն առաջարկեց այլընտրանքային տարբերակ, ինչն այսօր կիրառվում է իրենց ընկերությունում. տաքսի ծառայության աշխատակազմում ներառել մեկ բժիշկ կամ բուժքույր, սակայն բուժզննումն անցկացնել ոչ թե պարտադիր ամեն օր, այլ միայն այն դեպքում, երբ վարորդը որևէ գանգատ ունենա:
Բուռն քննարկման առարկա դարձավ նաև վարորդների չնորմավորված աշխատանքի խնդիրը: Աշխատանքի պետական տեսչության պետ Վարազդատ Դանիելյանի խոսքով` իրենց տեսչությունը նույնպես կողմ է պարտադիր բժշկական զննությանը, որն, ըստ նրա, ամրագրված է աշխատանքային օրենսդրությամբ:
Նա նաև տեղեկացրեց, որ 92 տաքսի ընկերություններում իրենց տեսչության կողմից արձանագրվել է 920 չձևակերպված աշխատող, 51 միլիոն չձևակերպված աշխատավարձ, որն, ըստ նրա, արտաժամյա աշխատանքի հետևանք է: “Գործատուները ձևական աշխատավարձ են սահմանում վարորդների համար, իսկ վարորդներն աշխատում են ամենաքիչը 12 ժամ` առանց հանգստյան օրերի”,-նշեց նա:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն, ամփոփելով քննարկումը, հայտնեց, որ խնդիրներն ու առաջարկները կքննարկվեն նաև ՀՀ վարչապետի, ինչպես նաև Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` չբացառելով, որ հարցը Հանրային խորհրդում ևս մեկ անգամ կքննարկվի:
Նշենք նաև, որ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունն առայժմ որոշում չի կայացրել: