Աջակցում են Րաֆֆուն
“Հայկական Վերածնունդ” շարժումն իր ջերմ աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ:
Շարժմանը մասնակցող քաղաքացիների օր-օրի աճող քանակն ու Հայաստանի տարբեր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տրվող բուռն աջակցությունը և այդ պարագայում իշխանության թեկնածուի օգտին որևէ ինքնաբուխ զանգվածային քաղաքացիական միջոցառման բացակայությունը վկայում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների իրականության հետ բացարձակապես կապ չունենալու մասին:
Իշխանությունների միակ հակափաստարկը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներին մնացել է Հայաստանից դուրս գտնվող ուժերից՝ օտար երկրներից կամ կազմակերպություններից իրենց թեկնածուի անունով ընտրություններում իբրև թե հաղթելու կապակցությամբ ստացված շնորհավորանքները:
Վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն և միայն Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե Նախագահի պաշտոնում իրենց շահերի սպասարկուն տեսնելու ցանկությամբ առաջնորդվող դրսի ուժերին: Ուստի նրանց շնորհավորանքներն առ ոչինչ են, եթե դրանց չի միանում Հայաստանի ժողովուրդը:
Հուսով ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի վերջին տարիների քաղաքացիական ինքնագիտակցության կայացման բովով անցած Հայաստանի ժողովրդին և, հենվելով ժողովրդի կամքի վրա ու իր շուրջը համախմբելով բոլոր առողջ ուժերին, կկարողանա իրականացնել ժողովրդից ստացած քվեն և դուրս բերել երկիրն այս անհեռանկար ու քայքայիչ ուղուց: Սփյուռքում ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող զարգացումներին և գործող իշխանություններին խստիվ կոչ անում զերծ մնալ ժողովրդի նկատմամբ որևէ ուժի կիրառումից կամ սադրիչ գործողություններից:
Ստորագրելով
Armenian Renaissance –Toronto Chapter
Armenian Renaissance – Los Angeles Chapter
Armenian Renaissance – Paris Chapter
Armenian Renaissance – Lebanon Chapter