Հանդարտ` դեպի մեր երազած Հայաստանը. Արմեն Ռուստամյան /ֆոտո, վիդեո/
“Ժառանգություն” կուսակցության մարտի 5-ի հանրահավաքում ելույթ է ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ներկայացնում եք նրա ելույթը:
“Սիրելի’ հայրենակիցներ
Այսօր հրատապ անհրաժեշտություն է առաջացել` գնահատելու, թե որոնք են ներկա փուլում շարժման դիմագրաված գլխավոր մարտահրավերները:
– Պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն պատրաստվում բավարարել հետընտրական իրավիճակի լիցքաթափմանն ուղղված` Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները:
– Մի անգամ եւս փաստվեց, որ իշխանությունները հոժարակամ կերպով երբեք չեն գնալու անհրաժեշտ զիջումների: Առավել եւս չեն զիջելու իշխանությունը:
– Դրան կարող է պարտադրել միայն քաղաքական զորեղ գործոնի վերածվող համաժողովրդական շարժումը:
Շարժման մաս կազմող քաղաքական, հասարակական ուժերի եւ շահագրգիռ բոլոր կողմերի խնդիրն է՝ հստակ ձեւակերպված նպատակի եւ սկզբունքների շուրջ կազմակերպել եւ կոնկրետ քայլերի ու գործողությունների միջոցով ընդլայնել ու հզորացնել սկիզբ առած այս շարժումը: Ուստի` օրվա հրամայականը շարժման ճշգրիտ հունավորումն ու կազմակերպումն է:
Առ այդ՝ ինչ վերաբերում է շարժման վերջնական նպատակին, ապա այն շատ հստակ է եւ անփոփոխ՝ հասնել ժողովրդի լիակատար իշխանության հաստատմանը երկրում բոլոր մակարդակներով: Դրան տանող ամենավստահելի ճանապարհն է՝ շարժումն ուղղորդել հանգրվանային հաջողություններ արձանագրող տեւական պայքարի հունով: Այսինքն` եթե տվյալ պահին չի հաջողվում իշխանությունը վերցնել ամբողջությամբ եւ միանգամից, դա մեզ չպետք է հիասթափեցնի, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար՝ հանգրվան առ հանգրվան:
Ըստ այդմ՝ իշխանության միահեծան եւ մոնոպոլ դրվածքը սասանելու, շարժման ռեսուրսը մեծացնելու ցանկացած առիթ եւ հնարավորություն պետք է լիարժեք օգտագործել` հասնելու կոնկրետ շոշափելի արդյունքի: Իսկ դա չի կարող պակաս ձեռքբերում համարվել: Հենց այդպիսի հանգրվանային հաջողություններն են քայլ առ քայլ մոտեցնելու շարժմանը իր հետապնդած նպատակին:
Սա պայքար է լայն ճակատով` սկսած ամեն շենքից, թաղամասից, բնակավայրից, քաղաքից մինչեւ հանրապետության ամենաբարձր մակարդակները: Եվ այս պայքարի մեջ է, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու դերը կտեսնի, ամեն մեկն իր անելիքը կունենա: Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդափոխությամբ, ինչը մենք բազմիցս տեսել ենք, որն իսկապես կհաստատի ժողովրդի իշխանությունը եւ կերաշխավորի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:
Այդպիսի առաջնահերթ քայլերի գործադրման ծրագիր Դաշնակցությունը առաջարկել է, եւ մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը ներդնել դրա իրականացումը հաջողելու համար: Սակայն ժողովրդի այսպիսի տեւական եւ աննահանջ պայքարը ապահովելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ձեւավորել շարժման ողնաշարը՝ նրա կազմակերպական կառույցը՝ սկսած կենտրոնական ղեկավարումից մինչեւ շարժման մարզային ու համայնքային ստորաբաժանումների կազմավորումը:
Այսօր իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երեւանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու եւ իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին:
Սիրելի’ հայրենակիցներ
Այսպես ձեւավորված եւ կազմակերպված շարժումն է, որ, գործելով ”հանդարտ ուժի” տրամաբանությամբ, հետզհետե թափ է հավաքելու, դառնալու է անկասելի եւ անպայմանորեն հասնելու է իր նպատակին, եւ մենք բոլորս ապրելու ենք մեր երազած Հայաստանում”: