Տղերք, բարեւ, ձեր օրերը հաշված են. Րաֆֆին` ”չարաճճի, փոքրիկ” ՀՀԿ-ականներին
Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Իր ելույթում նա անդրադաձավ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների հետ ունեցած հանդիպումներին:
Ասաց, որ հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ‘’Սարդարապատի’’ եւ այլ քաղաքացիական նախաձեռնությունների հետ: ‘’Եթե ՀԱԿ-ն իր ղեկավարությամբ պատրաստ լինի, ես կողջունեմ հանդիպումները ՀԱԿ-ի հետ’’,- հարթակից հայտարարեց “Ժառանգության” առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իր անձնական օրինակով հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին` ինքնամաքրվել եւ մասնակցել համազգային խնդիրների լուծմանը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին:
‘’Բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չկա, միեւնույն խոսքն է` ժողովուրդը կերտել է սահմանադրական իր իշխանությունը, բայց այս անգամ բոլորը գիտեն, որ այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու:
Ոչ մի նահանջ չի լինելու, ինձ երիտասարդ հանրապետականը ինչ- որ ակնարկ արեց, որ օտար բառեր եմ օգտագործում, դու զադնի չես հասկանում, ուրեմն` ոչ մի նահանջ չի լինելու’’,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհնաննիսյանն ասաց, որ այստեղ` Ազատության հրապարակ է հրավիրել Հայաստանի ‘’3 գործող եւ շուտով նախկին պաշտոնյաների’’, որոնք չեկան: ‘’Անգամ այս պահքի շրջանում չեկան, ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, բայց իրենք գիտեն, ես ոտքով էլ կգնամ եւ ժողովրդի պահանջը կներկայացնեմ’’,-հայտարարեց /նկատի ունի ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին-խմբ.:
Նա ասաց, որ այս պահին ավելացնելու բան չունի.’’Մերը անելիքն է, մեր խոսքով, մեր հետեւողականությամբ մեր գործը պետք է անենք եւ ոչ մի բան, ոչ մի ձյուն մեզ չի շեղելու մեր ճանապարհից: Իրենք թող մտածեն ‘’:
Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց այն ”չարաճճի, փոքրիկ ն հանրապետականներին”, որոնք, իր խոսքով, փորձում են ”պարոն Սարգսյանի փոխարեն իրեն նեղացնել իրենց բառերով”:
”Տղերք, բարեւ, ձեր օրերը հաշված են, դուք դառնալու եք փորամասնություն եւ կանգնելու եք օրենքի առջեւ”,-հայտարարեց նա: