Անբարոյականություն է. Հերմինե Նաղդալյանը` Հախվերդյանին
Վերջին օրերի սկանդալը երգիչ Ռուբեն Հախվերդյանի արտահայտություններն էին հանրահավաքում: Այս կապակցությամբ մեր հարցին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը այսպես արձագանքեց`
-Զարմանալի է` Ղարաբաղը այդ ինչու նորից դարձավ Հայաստանին ու հայկականին հակադրվող կամ խանգարող իրականություն: Այս կեղծ սահմանազատումը և վնասակար մտածողությունը կարծում էի, վաղուց արդեն դուրս էր մղվել մեր մենթալիտետից և հույս ունեի, որ մեր ժողովուրդը կարողացել է իր մեջ հաղթահարել այն , բայց, արի ու տես, մեր երկրի համար ևս մեկ կարևոր պահի կրկին լույս աշխարհ են բերվում թշնամու ջրաղացին ջուր լցնող, ժողովրդին պառակտող, վաղուց արդեն հանրային մտածողությունից դուրս մղված մոտեցումներ:
Իսկ Կևորկովին համեմատել Սերժ Սարգսյանի հետ` արդեն անբարոյականություն է: Արդյոք սրանք ընդամենը արվեստագետի հախուռն մտքեր են, թե հերթական անգամ կանխամտածված փորձ` մեր ժողովրդին մասնատելու, իրար դեմ հանելու և դրանով իսկ թուլացնելու նպատակով: Խորհրդային շրջանում տարբեր կառույցներում, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի մարզկոմում բազմաթիվ ազնիվ, ընդունակ, հայրենասեր հայ մարդիկ են աշխատել:
Սերժ Սարգսյանն ամենաառաջիններից էր, որ ամբողջ խորությամբ ընկալեց Արցախյան ազատամարտի բովանդակությունը և կանգնեց ժողովրդական շարժման և ազգային պետության ստեղծման հիմքերում: Մեր պետության կայացման բոլոր քայլերը` թե ռազմաճակատում, թե պետականաշինության ասպարեզում կատարվել են նրա ամենաանմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ:
Նա միշտ նվիրված ու սրտացավ է եղել իր գործի և շրջապատի, առաջին հերթին`մտավորականության նկատմամբ: Չէի սպասում, և չէի ուզենա նման դիրքերում տեսնել մեր սիրված երգչին, ով կարող էր շատ ավելի արդարացի և բարոյական մեկնաբանությունների հեղինակ լինել, ինչը տեսնում ենք իր երգերում, ոչ թե` չարության ու կեղծիքի: